Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » editorial » Անձնային խանգարում, հոմոսեքսուալ տիպ, բուժման ենթակա չէ` զինգրույքկիս դիագնոզը․ Forrights.am

    Անձնային խանգարում, հոմոսեքսուալ տիպ, բուժման ենթակա չէ` զինգրույքկիս դիագնոզը․ Forrights.am

    Անձնային խանգարում, հոմոսեքսուալ տիպ, բուժման ենթակա չէ` զինգրույքկիս դիագնոզը․ Forrights.am
    Հունիս 14, 2019 11:34 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Սեռական կողմնորոշման հիմքով բանակից ազատվելու ժամանակ հոգեբանական բռնությունն ու ճնշումները շատ հաճախ են լինում, իսկ ամեն երրորդը ենթարկվում է ֆիզիկական բռնության: Ես այդ «երրորդն էի»»… Այս մասին գրում է Forrights.am-ը։

    18-ամյա Արտակ Առաքելյանն այս տարեսկզբին պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության: Բժշկական հանձնաժողովի մոտ բուժզննում անցնելուց առաջ, Արտակը մոտենում է հանձնաժողովի անդամներից մեկին և ականջին ասում, որ նույնասեռական է, ինչից հետո սկսում է «կինոն»:

    «Հենց իմացավ, որ գեյ եմ, էլ չթողեց խոսքս շարունակեմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ: Չնայած իրենց իրավասությունների մեջ չի մտնում անձնական կյանքս քչփորելը, բայց սկսեցին շատ ինտիմ բնույթի հարցեր տալ, ծաղրել, վիրավորել ու ծիծաղել արտաքին տեսքիս վրա: Ամբողջ ընթացքում անընդհատ ոչ վայելուչ արտահայտություններ էի լսում հանձնաժողովի անդամների կողմից»,- Forrights-ին է պատմում Արտակը:

    Նախնական բուժզննումից հետո Արտակին 2 օրով ուղարկում են Ավանի հոգեբուժարան՝ «բուժվելու»: Սահմանված կանոնակարգի համաձայն, հոգեբանն ու հոգեբույժը պետք է մասնագիտական եզրակացություն տան այն մասին, որ անձն ունի հոգեկան խնդիրներ: Արտակի դեպքում եզրահանգել էին՝ սեռի շեղում, որը ձեռք է բերել 15 տարեկանում: Ըստ եզրակացության, նա հենց այդ տարիքում է «հիվանդացել»:

    Իր իսկ անվտանգությունից ելնելուց, այդ օրն Արտակը խուսափում է հոգեբուժարանում գիշերելուց: Օրեր անց նրան կանչում են վերջնական բժշկական հետազոտության, որտեղ  սկսվում է «կինոյի երկրորդ մասը».

    ««Գեներալնի կամաիսայի» ժամանակ, ներքևում ինձ արդեն զգուշացրին, որ հանձնաժողովի նախագահը բավականին ագրեսիվ ա տրամադրված իմ հանդեպ: Երբ ներս մտա սենյակ, մոտ 15 անդամներից բաղկացած հանձնաժողովը սկսեց համատարած սեռական բնույթի հայհոյանքներ ու ռեպլիկներ թողնել իմ հասցեին, ծաղրել ու ծիծաղել ինձ վրա: Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Մուրադյանը րոպեներ անց առավել բորբորքվեց ու երբ կատարեցի իր հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս: Ես գոռգոռալով դուրս եկա ու զանգեցի կոմիսարին: Էլ երբեք չտեսա էդ մարդկանց…»,- նշեց Արտակը:

    Նրա պնդմամբ, բժշկական հետազոտությունների ժամանակ հանձնաժողովը մի շատ կարևոր հարց է տալիս՝ արդյո՞ք նույնասեռական անձն իրեն հիվանդ համարում է: Եթե պատասխանը բացասական է լինում, ապա ուղարկում են բանակ: Արտակը նշել է՝ իրեն հիվանդ չի համարում, բայց և չի պատկերացնում իր ապահով և անվտանգ ծառայությունը բանակում:

    Դեպքերից միայն ամիսներ անց է Արտակը ստանում զինվորական իր գրքույկը, որտեղ՝ բանակից ազատման պատճառ նշված էր՝ անձնային խանգարում, հոմոսեքսուալ տիպ, բուժման ենթակա չէ:

    ««Դիագնոզս» էդ էր: Զինգրքույկիս մեջ էդ գրվածքի «շնորհիվ» ես չեմ կարող հետագայում աշխատել պետական հիմնարկներում, զբաղվել մանկավարժությամբ, ունենալ վարորդական իրավունք և մի շարք այլ բաներ, որոնք «սովորական» մարդկանց հասանելի է»:

    Այսօր Արտակը պայքարում է իր նկատմամբ կատարված բռնության դեմ: Արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, անձամբ Վալերիյ Օսիպյանին և Գլխավոր դատախազություն:

    Պատկան մարմիններին իրազեկում են և հանդես գալիս առաջարկներով, սակայն «պատասխանը» մեկն է՝ լռություն

    «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը չկարողացավ հստակ վիճակագրական տվյալներ տրամադրել, թե այս տարի ԼԳԲՏ քանի անձ է ենթարկվել բռնության զինվորական ծառայության անցնելու ժամանակ կամ հենց ծառայելիս: Ըստ նրա, շատերի մասին անգամ իրենք չեն իմանում, քանի որ կան անձիք, ովքեր խուսափում են բարձրաձայնել իրենց սեռական ինքնության մասին.

    «Եղել է դեպք, երբ անձի սեռական ինքնությունը պարզվել է միայն ծառայության ընթացքում և դրան են հետևել նրա նկատմամբ ծաղրը, բռնությունը, անգամ սեռական ոտնձգությունները: Բանակում միանգամից հնարավորինս սահմանափակվում է նրա հետ շփումները, առանձնացվում՝ սպասքը, հնարավորինս իրենցից հեռացվում մահճակալը: Նրա նկատմամբ փորձել են քրեական գործ հարուցել, հիմքում նշելով, իբրև խուսափում է ծառայությունից: Բանակի ղեկավարությունն էլ է հասկանում, որ խնդիր կա, ու հենց այդ  խնդիրներից խուսափելու նպատակով, նույնասեռականներին առաջարկում են ստացիոնար հետազոտություն անցնել, որ գոնե այլ հիվանդության հիմքով ազատվել ծառայությունից»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Մամիկոնը:

    ԼԲԳՏ անձանք իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ պարբերաբար հանդես են գալիս խնդրի լուծման առաջարկներով, հրապարակում՝ զեկույցներ, որտեղ իրական դեպքերի օրինակներով պատկան մարմիններին իրազեկում են դեպքերի մասին, սակայն «պատասխանը» մեկն է լինում՝ լռությունը:

    «Ես համոզված եմ, որ նրանք ստանում և մանրամասն ծանոթանում են և՛ առաջարկներին, և՛ զեկույցներին, սակայն չեն կարողանում կամ չեն ուզում մանրամասն զբաղվել այս հարցով: Նախընտրում են որևէ հիմքով ազատել ծառայությունից, քան որևէ իրավական լուծում տալ խնդրին»,- հավելեց Հովսեփյանը:

    «Եթե ԼԳԲՏ անձ է ծառայության անցնում բանակում, ապա ՊՆ-ն բոլոր իր ենթակա կառույցներին հրահանգում է՝ բացառել ցանկացած տեսակի միջադեպերը նրա կողմնորոշման մասին»

    Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի պնդմամբ՝ ՊՆ-ն չի կարող փոխել ընդհանուր հասարակական տրամադրությունները ԼԳԲՏ անձանց նկատմամբ, սակայն համապատասխան հսկողություն է սահմանում, որ բանակում կամ ՊՆ-ին ենթակա կառույցում նմանօրինակ բռնության դեպքեր չլինեն.

    «Ամերիկյան բանակում օգտագործում են մի սկզբունք՝ don’t ask, don’t tell (մի՛ հարցրու, որ չասեմ- խմբ.), ինչն իրենից ենթադրում է՝  ոչ ոքի սեռական կյանքը դիմացինին հետաքրքիր չէ, ուստի անհրաժեշտ չէ դրա մասին բարձրաձայնել: Հետերո մարդիկ հո չե՞ն գնում հայտնում, թե ինչով են զբաղվում: Սակայն, եթե անգամ ԼԳԲՏ անձ է ծառայության անցնում բանակում, ապա ՊՆ-ն բոլոր իր ենթակա կառույցներին համապատասխան կարգով հրահանգում է, որ  նման իրավիճակներում բացառեն ցանկացած տեսակի միջադեպերը նրա կողմնորոշման մասին»,- նշեց Ավետիսյանը:

    Ըստ փոխգնդապետի, զորակոչն ընդհանուր կարգով է իրականացվում, անկախ անձի սեռական կողմնորոշումից՝ ցուցաբերվում է նույնանման վերաբերմունք, սակայն եթե անձը ենթարկվել է ծաղրանքների կամ բռնության, ապա կա համապատասխան մարմին, որը զբաղվում է խնդրով, հարկ եղած դեպքում նախապատրաստում նյութեր և հարուցում քրեական գործ:

    Forrights-ի այն հարցին, թե ինչու են նույնասեռականները բանակից ազատվում հոգեկան հիվանդության հիմքով, Ավետիսյանը կարծիք հայտնեց.

    «Լինում են դեպքեր, երբ անձը նույնասեռական հակումներ է ձեռք բերում՝ հոգեկան շեղումների արդյունքում»:

    Մանրամասները՝ նյութի սկզբնաղբյուրում


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top