Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Բիլ Գեյթսի ու Իլոն Մասկի հետ նույն շարքում. ինչպես է Թրամփն ազդում IT-ի վրա

    Բիլ Գեյթսի ու Իլոն Մասկի հետ նույն շարքում. ինչպես է Թրամփն ազդում IT-ի վրա

    Բիլ Գեյթսի ու Իլոն Մասկի հետ նույն շարքում. ինչպես է Թրամփն ազդում IT-ի վրա
    Մայիս 23, 2019 19:38 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    30 հազար հարցվածների շրջանում անցկացված ամերիկյան հետազոտական լրատվակայքի տվյալներով՝ 2019 թ. տեխնոլոգիաների ոլորտի վրա առավել  ազդեցություն կունենան Սիլիկոնային հովտի ականավոր գործիչներ Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը և այլք: Այդուհանդերձ, թոփ տասնյակ է անսպասելիորեն «ներխուժել» ԱՄՆ-ի  նախագահ Դոնալդ Թրամփը, որին այժմ համարում են IT-ինֆլյուենսերներից մեկը:

    1. Իլոն Մասկ, Tesla-ի և Space X-ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, 30,2%

    Վարկանիշում մեծ տարբերությամբ հաղթել է Իլոն Մասկը՝ ստանալով ձայների մեծ մասը: Մասկը համարվում է ամեն ինչի  վարպետ, որը ձեռք է զարկում ամեն կարգի  նախագծերի՝  Tesla և Space X, Boring Company-ի թունելների շինարարություն, OpenAI-ի արհեստական բանականություն, Neuralink-ի մեքենաների և  մարդու ուղեղի ինտեգրում:

    2. Ջեֆ Բեզոս, Amazon-ի հիմնադիր  ու գլխավոր տնօրեն, 7,2%

    Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի ընկերությունը էլեկտրոնային առևտրի ոլորտի առաջատարն է: Բեզոսը  նաև Blue Origin մասնավոր աերոտիեզերական ընկերության հիմնադիրն է, որը ստեղծվել է տիեզերական տուրիզմի  զարգացման համար: Երկրորդ տարին անընդմեջ Բեզոսը ճանաչվում է մոլորակի ամենահարուստ մարդը, նրա կապիտալը կազմում է ավելի  քան 155  մլրդ դոլար:

    3. Սաթյա Նադելլա, Microsoft-ի գլխավոր տնօրեն, 4,4%

    Ի տարբերություն Բիլ Գեյթսի՝ Microsoft-ի ընթացիկ  ղեկավար Սաթյա Նադելլային հաջողվել է տեխնոլոգիական առաջնորդների ցուցակում հասնել երրորդ հորիզոնականին: Նադելլան սկսել է աշխատել Microsoft -ում 1992-ին՝ 2014-ին ստանձնելով կառավարումը: Այսօր Microsoft-ը հավասարի պես մրցակցում է  Apple-ի և Amazon-ի հետ՝ որպես աշխարհի ամենահաջող ընկերություններից մեկը:

    4. ԵՍ, 2,5%

    30 հազար հարցվածներից շուրջ 760-ը իրեն համարել են որպես  2019-ին IT-ինֆլյուենսեր:

    5. Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ, 2,2%

    Թեև նա ուղղակի առնչություն չունի արդյունաբերությանը, նրա հակասական հայտարարությունները IT-ոլորտի վրա ունեցել և շարունակում են ունենալ էական ազդեցություն. բավական է հիշել նրա էմիգրացիոն հրամանը, որով արգելվում է մահմեդական երկրներից միգրանտների  մուտքը, կամ մեղադրանքը Twitter-ի և Google-ի հասցեին, որոնք իբր վարկաբեկում են ԱՄՆ-ի նախագահին:

    6. Սունդար Պիչայի, Google-ի գլխավոր տնօրեն, 1,9%

    Զարմանալի  է, բայց Սունդար Պիչային կարողացել  է առաջ  անցնել  նույնիսկ Ցուկերբերգից, որն ավելի հանրային անձ է համարվում. ասում են, որ նա պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի  նախագահի պաշտոնում: Այնուամենայնիվ, Google-ի 46-ամյա ղեկավարը, որն այդ պաշտոնին է 2015-ից, մարդկանց ավելի շատ վստահություն է ներշնչում:

    Բացի  այդ, վարկանիշում Պիչային առաջ  է անցել Google-ի ստեղծողներից՝ Լարրի  Փեյջը զբաղեցրել  է 17-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Բրինը ընդհանրապես թոփում չի հայտնվել:

    7. Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, 1,7%

    Չնայած օգտատերերի հետ կապված  բոլոր  սկանդալներին, Facebook-ի ղեկավար Մարկ  Ցուկերբերգը շատերի  համար մնում է  տեխնոլոգիական առաջընթացի և սոցիալական ցանցերի  զարգացման նոր դարաշրջանի խորհրդանշան: Այսօր Facebook-ի լսարանը  հասնում է 1,5 մլրդ ակտիվ օգտատերերի, այն դեպքում, երբ Երկրի բնակչությունը 7,7 մլրդ է:

    8. Թիմ Կուկ, Apple-ի գլխավոր տնօրեն, 1,3%

    Թիմ Կուկը Apple-ին է միացել 1998-ին, իսկ արդեն 2011-ին՝ Սթիվ Ջոբսի մահից հետո, զբաղեցրել ընկերության գլխավոր տնօրենի  պաշտոնը: Կուկի օրոք Apple-ը դարձավ աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական արժեքը գերազանցեց տրիլիոն դոլարը:  Այդուհանդերձ, դա տեղի է ունեցել «խնձորի» որոշ խնդիրների ֆոնին՝ կապված  բրենդի ամենատարածված արտադրանքի՝ iPhone-ի հանրաճանաչության անկման հետ:

    Այսօր Apple-ի ղեկավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել իր եկամուտները՝ գաջետների վաճառքից հնարավորինս քիչ կախված լինելու համար՝ անցնելով ծառայությունների  տրամադրմանը:

    9. Լինուս Տորվալդս, Linux-ի հիմնադիր, 1,1%

    49-ամյա ֆինն-ամերիկացի ծրագրավորող Լինուս Տորվալդսը համարվում է Linux-ի միջուկի ստեղծողը, որն ընկած  է համանուն օպերացիոն համակարգի հիմքում: Այսօր Linux-ը համարվում է ամենատարածված օպերացիոն համակարգերից, ինչպես նաև ամենատարածված ազատ օպերացիոն համակարգերից մեկը. այսպես են կոչում ծրագրային ապահովումը, որը օգտվողին հնարավորություն է տալիս ազատ դրանից օգտվել, ներբեռնել, տեղադրել և նույնիսկ ծածկագրում փոփոխություններ կատարել:

    Լինուս Տորվալդսը համարվում է Linux  ապրանքային նշանի սեփականատերը: 2010-ին Հելսինկիում ծնված  Տորվալդսը Միացյալ Նահանգների քաղաքացիություն է ստացել:

    10. Բիլ Գեյթս, Microsoft-ի համահիմնադիր, 1%-ից պակաս

    Առաջատարների  տասնյակը եզրափակում  է Microsoft-ի համահիմնադիր, ձեռնարկատեր և մարդասեր 63-ամյա Բիլ Գեյթսը: Թեև  Գեյթն արդեն վաղուց գործերից հեռացել  է՝ իր ընկերության կառավարումը հանձնելով ուրիշ  մարդկանց, շատերի  համար նա  հանդիսանում է հաջողակ IT-գործարարի օրինակ:

    Այսօր Բիլ Գեյթսը Microsoft-ում զբաղեցնում է  խորհրդականի և ընկերության տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահի պաշտոնը՝ իր  ողջ  ուժերը ուղղելով բարեգործությանը: Նշվում է, որ եթե Գեյթսը բարեգործությանը չնվիրեր 35,8 մլրդ դոլար, ապա  կհամարվեր Երկրի ամենահարուստ  մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի փոխարեն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top