Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Լաթաքիա և Քեսաբ

    Դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Լաթաքիա և Քեսաբ

    Դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Լաթաքիա և Քեսաբ
    Հունիս 17, 2019 15:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հունիսի 12-15-ը  այցելեց Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ:

    Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ:

    Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունեց Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկեցին մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան Լաթաքիայի նահանգում բնակվող հայկական համայնքի խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին: Նահանգապետը բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնեց, որ հայությունը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Իր հերթին դեսպան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նահանգային ղեկավարությանը հայ համայնքի և, մասնավորապես, քեսաբահայության նկատմամբ ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ դեսպանը և Լաթաքիայի նահանգապետը պայմանավորվեցին պարբերաբար նման հանդիպումներ ունենալ:

    Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչների և Սբ․ Աստվածածին եկեղեցու թաղական խորհրդի ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները: Քննարկվեց նաև համահայկական 7-րդ խաղերին սիրիահայ մարզիկների հնարավոր մասնակցության հարցը:

    Հունիսի 15-ին դեսպան Գևորգյանն այցելեց հայաբնակ Քեսաբ, որտեղ հանդիպումներ ունեցավ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի և համայնքի հետ, ինչպես նաև եղավ Քեսաբի հայկական եկեղեցիներում: ՀՀ դեսպանը քեսաբահայերից տեղեկացավ համայնքի առջև ծառացած խնդիրների մասին և քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Տիգրան Գևորգյանի հետ առանձնազրույցի ընթացքում Վազգեն Չափարյանը ներկայացրեց հայ համայնքին առնչվող արդի մարտահրավերները` մտահոգություն հայտնելով պարբերաբար իրականացվող ռմբակոծությունների կապակցությամբ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top