Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Վերլուծական » Էլ տորթ առնող չկա

    Էլ տորթ առնող չկա

    Էլ տորթ առնող չկա
    Հունվար 30, 2019 16:50 Վերլուծական A+ / A-

    Ընկերուհիներիցս մեկին է պատկանում քաղաքի ամենաճանաչված հրուշակեղենի արտադրամասը: Ինչպես հայտնի է, բարձրակարգ խմորեղենը, հատկապես հարսանեկան եւ տարատեսակ հոբելյանների համար նախատեսված տորթերի գները կարող են աստղաբաշխական թվերի հասնել: Վերը նշված արտադրամասը շուկայում առաջատարներից մեկն էր արդեն շուրջ մեկ տասնամյակ, բնականաբար, իր հիմնական հաճախորդներն էին նախկին իշխանության մաս կազմող, հարուստ խավի ներկայացուցիչները: Թավշյա հեղափոխությունն իհարկե չէր կարող չանդրադառնալ վերջինիս բիզնեսի եկամուտների վրա, սակայն դեռ կես տարի առաջ նա անգամ չէր կարող ենթադրել, որ պատկերն այսքան հուսալքող է լինելու:

    Ըստ ընկերուհուս պնդումների՝ հրուշակեղենի վաճառքը հասել է նվազագույնի, հավատարիմ հաճախորդները կամ ընդհանրապես դադարել են նշել իրենց տոնական առիթները, կամ նշում են հնարավորինս համեստ՝ սահմանափակվելով նեղ ընտանեկան միջավայրով եւ փոքրիկ տորթիկներով: Նվազել են նաեւ սրճարանների եւ ռեստորանների եկամուտները: Գործի բերումով ընկերուհիս շատ է շփվում ռեստորատորների հետ եւ պնդում է, որ հաճախորդների քանակը չի նվազել, սակայն նվազել են վերջիններիս պատվերները եւ կրճատվել վճարվող հաշիվները՝ չնայած հաճախորդների թվացյալ առատությանը: Գրեթե 0-ի են հասել նաեւ նախկինում այդքան հաճախ կազմակերպվող շքեղ հարսանեկան արարողությունները: Իմիջիայլոց, ցավոք սրտի, այս հանգամանքը շղթայաձեւ ազդում է նաեւ հարսանեկան արարողությունների կազմակերպիչների, դիզայներների, ծաղկավաճառների, հարսանեկան սրահների, գեղեցկության սրահների, լուսա- եւ ձայնային տեխնիկայի վարձակալության կետերի, երգիչ-երգչուհիների եւ հաղորդավարների, նույնիսկ հրավառություն անողների եկամուտների վրա: Այդուհանդերձ, այս պահին խոսում ենք հրուշակեղենի մասին, եւ մինչ ես ընկերուհուս խորհուրդ էի տալիս ժամանակին համընթաց քայլել, նորացնել եւ հետաքրքիր դարձնել բիզնեսը, վերջինս մտածում է այն առհասարակ փակելու մասին:

    Խնդիրն այն է, որ հրուշակեղենի աշխարհում նորարությունների դաշտն այնքան էլ լայն չէ, առավել եւս Հայաստանում, որտեղ ամենավաճառվող թխվածքներն են հանրահայտ Միկադոն եւ Թռչնի կաթը: Չնայած նրան, որ տարիներ շարունակ բարձրակարգ ֆրանսիական հրուշակեղեն մատուցող ընկերությունն արդեն՝ ճարահատյալ, սկսել է արտադրել նշված լայն պահանջարկ վայելող, բայց առանձնակի երեւակայություն չպահանջող խմորեղենի տեսակները, այժմ ընկերուհիս բախվել է եւս մեկ խնդրի: Պարզվում է, որ շուկան գրավել են տներում, ցածրակարգ հումքով եւ ոչ ըստ պահանջի վերահսկվող պայմաններում գործող խմորեղենի արտադրամասերը, կարճ ասած՝ տներում թխված խմորեղենը:

    Հարկ է նշել, որ տվյալ թխվածքների գները անհամեմատ ցածր են ոչ միայն հումքի որակի եւ գնի հետ կապված, այլեւ այն պատճառով, որ տվյալ վայրերում պատրաստված արտադրության համար ոչ ոք հարկ չի վճարում: Արդյունքում՝ բարձրակարգ արտադրամասերը, որոնք պարտաճանաչ հարկատուներ են, զրկվում են շուկայում մրցակցելու հնարավորությունից:

    Մենք կապ հաստատեցինք ՍԱՊԾ ղեկավարության հետ՝ հետաքրքրվելու համար, թե ինչպես կարելի է պայքարել տնային պայմաններում գործող արտադրամասերի դեմ, եւ փորձեցինք պարզել, թե արդյոք հնարավո՞ր է վերահսկել վերջիններիս արտադրանքի որակը:

    ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ինձ հայտնեցին, որ նմանատիպ արտադրամասերի ստուգում հնարավոր է ձեռնարկել միայն կոնկրետ բողոքի առկայության դեպքում: Այսինքն՝ եթե չհայտնվի մեկը, ով թունավորվել կամ դժգոհ է մնացել այդ անհայտ ծագումնաբանությամբ թխվածքներից եւ չի բողոքել համապատասխան մարմնին, առհասարակ հնարավոր չէ կազմակերպել որակի կամ արտադրման պայմանների վերահսկում:

    Տվյալ թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ ՊԵԿ մամլո ծառայության հետ, մեր հարցերին նրանք կպատասխանեն գրավոր տարբերակով եւ մենք դրանք Ձեզ կներկայացնենք առաջիկայում: Մինչ այդ, կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհայտ ծագումնաբանությամբ արտադրանքից եւ Ձեր առողջությունը չվտանգել՝ գումար խնայելու նպատակով:

    Մարիամ Մարգարյան

     


    [wpbrzone id=9]
    scroll to top