Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը. ՀՀ վարչապետ

    Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը. ՀՀ վարչապետ

    Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը. ՀՀ վարչապետ
    Հուլիս 19, 2019 16:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Այս մասին վարչապետը ավելի վաղ հայտնել էր ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի ուղիղ եթերում: ՀՀ վարչապետի հետ զորամաս են այցելել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

    Զորամասում վարչապետի ելույթը ներկայացնում ենք ստորև.

    «Պարոնա՛յք կուրսանտներ, ՊՆ հարգելի նախարար, ԳՇ հարգելի պետ, պարոն գնդապետ, շատ ուրախ եմ մեր այսօրվա առիթի համար, պարոնայք սպաներ, հոգևոր տեր հայր, պարոն մարզպետ, պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ,

    Ուրախ եմ շատ մեր այսօրվա հանդիպման համար, սիրելի՛ կուրսանտներ, Ձեր կյանքում սկսվում է, թերևս, ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության ենք անցնում հայրենիքին, ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները, ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել, և դրանցից կարևորագույնը, թերևս, եղել է՝ պատվով ծառայել հայրենիքին, բայց ես ուզում եմ, բացի էն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու համար այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակեր՝ լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորական ծառայությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն զինվորական ծառայությունը, բնականաբար, ընկալելով՝ որպես համազգեստի, կոշիկի, սննդի, տեխնիկական նյութատեխնիկական այլ հարցերի համատեքստում, որոնք չափազանց կարևոր են, շատ հաճախ չենք նկատում, որ զինվորական ծառայությունը, զինվորական գործը ամենաինտելեկտուալ գործերից մեկն է:

    Հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա՝ ինչն է մեր զինվորի, ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը.

    Զինվորը մտնում է ուսումնական զորամաս, և, ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ զինվորն այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում, հատկապես՝ ուսումնական զորամասում, մեր զինվորները, դուք ստանում եք բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում եք բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել՝ անկախ նրանից դուք՝ հետագայում զինվորական գործով կզբաղվե՞ք, թե՞ չեք զբաղվի:

    Եվ ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորի ծառայության ժամկետը ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է. նա ինչ-որ բաներ է սովորում, և մեր կառավարության ամենակարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել  է մինչև զինվորական ծառայությունը:

    Եվ ես ուզում եմ Ձեզ կոչ անել, որ հատկապես այս ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնեք: Հարստացրեք ինքներդ ձեզ գիտելիքներով, փորձեք հասկանալ, թե ինչ է զինվորական գործը, սա ձեզ համար մեծ շանս է՝ սովորել՝ ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը, ռազմավարական  և մարտավարական մտածողությունը:

    Միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ, որովհետև մեր ամբողջ կյանքը, մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական և ռազմավարական որոշումներ կայացնելու հմտությունից, իրավիճակը գնահատելու հմտությունից, իրավիճակում կողմնորոշվելու հմտությունից, սրանք են այն հենասյուները, որոնց վրա կառուցվում է զինվորական գործը:

    Ուզում եմ, որ մենք հասկանանք, որ զինվորական ծառայությունը նաև դրանով է պատվաբեր, նաև ծառայության այս հանգամանքն է, որ զինվորական ծառայության ընթացքում ձեր ձեռք բերած հմտությունները ձեզ պետք է կարողանան օգնել ողջ կյանքի ընթացքում: Մեր կառավարության՝ մեր, ՊՆ, ԳՇ, հիմնական խնդիրն է, որ ահա այդ հմտությունները ձեզ ամբողջ կյանքում ուղեկցեն, որովհետև ձեր հետագա կյանքի որակը կախված է լինելու նրանից, թե ինչքանով եք դուք կարողանում ահա այսպիսի մտածողության բանաձևերով գործել ձեր քաղաքացիական կյանքում, ինչքանով եք կարողանում որոշումներ կայացնել, ինչքանով եք կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը, և, իհարկե, այս հմտությունները նույնքան կարևոր են զինվորական ծառայություն  իրականացնելիս, դա պիտի օգնի ձեզ հաղթել ոչ միայն հակառակորդին, այլև հետագայում կյանքի բոլոր մարտահրավերներում:

    Եվ ես համարում եմ, որ հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ-քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը: Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը, և Զինված ուժերը պետք է կարողանա օգնել ձեզ, որպեսզի ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի։ Եվս մի նկատառում, ես կարծում եմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում այսպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ։  Պետք է ասենք՝ այո, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այս խնդիրը լուծելու համար ես տեսնում եմ ճանապարհը հետևյալ կերպ՝ հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը, որպեսզի սա լինի, հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, ՀՀ-ն պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը:

    Ես ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել հայրենիքի ծառայության Ձեր այս ընթացքի մեջ:  Չկա ավելի մեծ առաքելություն, քան հայրենիքին ծառայելու առաքելությունը:

    Ես տեսնում եմ ձեզ և տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք և դուք զինվոր եք…»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top