Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Uncategorized @hy » Կեղծ պայքարի մարտիկների եւ իսկապես կարեւոր հարցերի մասին

    Կեղծ պայքարի մարտիկների եւ իսկապես կարեւոր հարցերի մասին

    Կեղծ պայքարի մարտիկների եւ իսկապես կարեւոր հարցերի մասին
    Օգոստոս 2, 2019 16:41 Uncategorized, Վերլուծական A+ / A-

    Ստամբուլյան կոնվենցիան նոր կռվախնձոր է դարձել մեր պահպանողական հասարակության շրջանում: Բայց եթե շարքային մարդկանց շրջանում կարելի է պրոպագանդել, թե այն վավերացնելուց հետո Հայաստանը դառնալու է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների սիրելի անկյուն, դարավոր ավանդույթները մերժվելու են, ազգն այլասերվելու է, մարդիկ էլ դրան կարող են հավատալ, ապա այդ քարոզն իրականացնողները հստակ գիտակցում են, որ իրականում նման վտանգ չկա: Կոնվենցիայի նպատակն է ընտանեկան բռնության կանխարգելումը: Հնուց ի վեր մենք սովորել ենք, որ ընտանիքի հարցերը պետք է լուծվեն ընտանիքում, ահա թե ինչու երբ նույնիսկ իմանում ենք, որ մեր ընկերուհին պարբերաբար դաժան ծեծի է ենթարկվում իր ամուսնու կողմից, մեզ թույլ չենք տալիս միջամտել՝ համարելով, որ դա վերջինիս ընտրությունն է՝ ծեծվել, թե ամուսնալուծվել, հանդուրժել, թե բողոքել… Տվյալ հարցին նման կերպ են վերաբերվում նաեւ իրավապահ մարմինները, գտնում են, որ մարդիկ իրենց տանն իրենց հարցերը կլուծեն, հաճախ կանանց համոզում են հետ վերցնել դիմումը, հաշտվել ամուսնու հետ, ծանրագույն դեպքում էլ առավելագույնը 2-3 ամիս են կալանավորում: Ստացվում է, որ կարելի է խեղել կնոջ կյանքը, նրան ստորացնել, ֆիզիկական եւ հոգեկան վնաս պատճառել՝ ընդամենը 2 ամիս ազատ կյանքից զրկվելու դիմաց: Սա ընդամենը բռնության կիրառման մի տեսակ է, սակայն կարելի է թվել բազում դեպքեր, երբ մարդիկ ենթարկվում են տարատեսակ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի: Ստամբուլյան կոնվենցիայի առաջնային նպատակն է կիրառված բռնությանը համաչափ պատասխանատվության ապահովումը, ինչպես նաեւ բռնության նախականխող մեխանիզմների ներդնումը:

    Եկեք ելնենք այն մտքից, որ ոչ մի նորմալ մարդ չի կարող կողմ լինել բռնությանը: Բռնությունն իր ցանկացած դրսեւորմամբ անընդունելի եւ դատապարտելի է, եւ կարեւոր չէ՝ խոսքը կնոջ, երեխայի, տղամարդու թե տարեց մարդու մասին է, նույնիսկ եթե խոսքը միասեռականների մասին է: Մի պահ վերանանք այն ճղճիմ զրույցներից, թե ով ում հետ իր անկողնում ինչ է անում, ի վերջո, մարդը մնում է մարդ, եւ յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանված լինեն, եւ դա հենց պետության առաքելությունն է:

    Այս պահին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարի քարոզիչները պարզապես օգտվում են գործող իշխանություններին հերթական անգամ հարվածելու առիթից: Իմ վարկածը ձեզ շատ իրատեսական կթվա՝ վավերացման դեմ պայքարողների կազմին ծանոթանալու դեպքում: Եվ եթե նրանց թվում գտնեք, ասենք՝ մեկ տասնյակ անկողմնակալ մարդկանց, վստահ եղեք, որ վերջիններս պարզապես վավերացումը համարում են ժամանակավրեպ, քանզի չեն ուզում հրահրել լայն զանգվածների դժգոհությունը:

    Երեկ հայտնի դարձավ, որ պայքարին միացել է նաեւ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ այս պահին Չեխիայի Հանրապետությունում կալանքի տակ գտնվող հանրաճանաչ Նարեկ Սարգսյանի եղբայրը: Բավականին ծիծաղելի են Հայկի՝ ընտանիքի եւ ազգային արժեքների մասին հայտարարությունները, քանզի տարիներ շարունակ մենք բոլորս ապրել ենք միեւնույն քաղաքում եւ քաջ տեղյակ ենք Սարգսյան եղբայրների նախկին «արկածներին», նրանց բարոյականության դիմակը մի տեսակ չի սազում:

    Այնուամենայնիվ, ինձ մտահոգում են ոչ թե այս կեղծ պայքարով խանդավառված մարդիկ եւ նրանց դրդապատճառները, այլ այն, թե ինչու նրանք նման ջերմեռանդությամբ չեն լծվում երկրի բազմաթիվ այլ՝ շատ ավելի կարեւոր հարցերի լուծմանը:

    Քիչ առաջ ոստիկանության հերթական հաղորդագրությունը կարդացի, որում նշվում է, թե այս տարվա առաջին կիսամյակում 377-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները՝ 1711-ից դառնալով 2088, ինչի հետեւանքով զոհվել է 156 (2018-ին՝ 138), վիրավորվել՝ 3021 (նախորդ տարի՝ 2517) քաղաքացի: Այսինքն՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում անկարգ վարորդների, գնված վարորդական իրավունքների, հին ու անսարք մեքենաների, գծանշումների պակասի, վատ ճանապարհների, վատ լուսավորության եւ ՃՈ վատ աշխատանքի պատճառով մահացել է 156 եւ վիրավորվել 3021 մարդ՝ մանուկ ու մեծ, հայ մարդ: Սակայն բռնությունը կանխարգելող կոնվենցիայի դեմ պայքարողներին այս հարցը չի հուզում, նրանք բողոքի ակցիաներ եւ ստորագրահավաքներ չեն կազմակերպում, մամլո ասուլիսներ չեն հրավիրում եւ ոստիկանությանը, կառավարությանը եւ ՀՀ-ում երթեւեկող վարորդներին վերջնագրեր չեն ներկայացնում: Պատճառն այն է, որ ավելի հեշտ է դիվիդենդներ վաստակել ցածր ինտելեկտի տեր մարդկանց զգացմունքներին դիպչող, ռաբիս թեմաներով:

    Մարիամ Մարգարյան


    [wpbrzone id=9]
    scroll to top