Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Միայն ինքս ինձ հետ կարող եմ մրցել և ամեն օր փորձել կատարելագործվել. հարցազրույց Զառա Գեմիլյանի հետ

    Միայն ինքս ինձ հետ կարող եմ մրցել և ամեն օր փորձել կատարելագործվել. հարցազրույց Զառա Գեմիլյանի հետ

    Միայն ինքս ինձ հետ կարող եմ մրցել և ամեն օր փորձել կատարելագործվել. հարցազրույց Զառա Գեմիլյանի հետ
    Հուլիս 19, 2019 15:30 Լուրեր, Հասարակություն, Շոու-բիզ A+ / A-

    Araratnews.am-ի զրուցակիցն է «Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթի հաղթող հայուհի Զառա Գեմիլյանը։

    Տիկի՛ն Գեմելյան, պատմեք, խնդրեմ՝ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել գեղեցկության մրցույթին, և որն էր առաջին մրցույթը, որին մասնակցեցիք։

    Ընկերուհիներս ինձ խորհուրդ տվեցին մասնակցել։ Միշտ ասում էին, որ մասնակցեմ։ Վստահ էին, որ կհաղթեմ, ու այդպես էլ եղավ։ Առաջին անգամ մասնակցեցի «Mrs. California Globe»-ին և միանգամից հաղթանակ տոնեցի։

    Արդյոք նախապես պատրաստվե՞լ էիք մրցույթին մասնակցելուն, թե՞ ձեր տվյալները համապատասխանում էին մրցույթի չափորոշիչներին։

    Առաջին անգամ ընդհանրապես չեմ պատրաստվել մասնակցության համար, քանի որ ո՛չ փորձ ունեի նման մրցույթների մասնակցելու, ո՛չ էլ սպասելիքներ, բայց բախտը ժպտաց ինձ։

    Ե՞րբ եք տեղափոխվել ԱՄՆ։

    Արդեն 20 տարի է՝ ինչ բնակվում եմ Միացյալ Նահանգներում։

    Ի՞նչ կրթություն եք ստացել, մասնագիտությամբ ի՞նչ եք։

    Ավարտել եմ  Մալիբուի Pepperdine համալսարանի միջազգային հարաբերությունների և իսպաներենի բաժինը։ Ավելի ուշ նույն համալսարանում պաշտպանել եմ  բիզնես վարչարարության գծով մագիստրոսական թեզս։

    30-ից հետո կանայք քաշ են հավաքում, հե՞շտ է միշտ լինել «ֆորմայի» մեջ, պահել գեղեցիկ կազմվածքը, կա՞ ինչ-որ գաղտնիք։

    Ճիշտ եք, բայց, իհարկե, այստեղ գեները մեծ դերակատարություն ունեն։ Անկախ տարիքից, ամեն կին պետք է հետևի իրեն՝ և՛ սպորտով զբաղվի, և՛, իհարկե, ճիշտ սնվի։ Հիմա զբաղվում եմ պիլատեսով, դա շատ է օգնում իմ կազմվածքին։ Իրականում «ֆորմայի» մեջ լինելը հեշտ չէ, երբ մարդ գուրման է և սիրում է համեղ պատրաստել և ուտել, բայց իհարկե, առանց ինքնադիսցիպլինայի որևէ բան հնարավոր չէ։

    Գաղտնիք չէ, որ գեղեցկուհիների միջավայրում շատ են միմյանց հանդեպ նախանձը, նյութեր դավելը. կոշիկի կրունկը կոտրել, զգեստի շղթան փչացնելը և այլն, արդյոք դուք անցե՞լ եք դրանց միջով։

    Ճիշտն ասած, իմ բախտը բերել է։ Երբեք չեմ զգացել, որ իմ հանդեպ այդպիսի պահվածք դրսևորեն։ Ես միշտ կարողանում եմ ընկերանալ կանանց հետ և արժանանալ նրանց հարգանքին։ Եթե նույնիսկ կա նման բան, ես չեմ զգացել դեռ։

    Իսկ Հայաստանում ունե՞ք ընկերներ հենց գեղեցկուհիների շրջանում։

    Այստեղ ամեն ոլորտից էլ ընկերներ ունեմ, շատ հեշտ եմ մարդկանց հետ շփվում, լեզու գտնում։

    Zara1

    Մասնակցել եք ԱՄՆ-ի գեղեցկության մրցույթներին, համոզված եմ, որ հետևել եք նաեւ Հայաստանի գեղեցկության մրցույթներին, կխնդրեի նշեիք նմանություններն ու տարբերությունները, ո՞րն է ավելի կայացած։

    Ես այս տարի հնարավորություն ունեցա մասնակցելու «Mrs. Armenia Universe»-ին և «Mrs. Armenia World»-ի մրցույթին որպես ժյուրի։ Շատ շնորհակալ եմ մեր գեղեցկուհի Գոհար Հարությունյանին այդ հնարավորությունն ինձ ընձեռելու համար։ Գոհարը շատ բարձր մակարդակով դա անցկացրեց։ Միակ տարբերությունն այն էր, որ մասնակիցները քիչ էին։ Ինձ թվում է՝ շատ հայ աղջիկների մոտ մասնակցելու վախ կա, որովհետև մրցույթները Հայաստանում շատ են քննարկվում (բացասական առումով), իսկ այլ երկրներում այդ հեղինակավոր մրցույթները պատիվ ու հարգանք  են բերում մասնակցող աղջիկներին։

    Ում հետ է ավելի բարդ մրցել՝ հայուհիների՞, թե ամերիկուհիների։

    Չեմ կարծում՝ ազգությունը կապ ունի։ Իհարկե, ինձ թվում է հայուհիներն ամենագեղեցիկն են, բայց ես միայն ինքս ինձ հետ կարող եմ մրցել և ամեն օր փորձել կատարելագործվել։

    Եղե՞լ է դեպք, որ գեղեցկությունը ձեզ օգնել է ինչ-որ բարդ հարց լուծել, կամ հակառակը՝ խանգարել է։

    Օրինակ՝ «Mrs․ California» մրցույթը, որին մասնակցեցի, իրենից բարեգործական ընկերություն է ներկայացնում և հաղթելուց հետո դարձա «Կարիքավոր կանանց հիմնադրամի» մամուլի խոսնակ։ Տիտղոսն ինձ օգնեց, որ իմ ձայնն ավելի լսելի դառնա, կարողացա մեծ գումար հավաքել և Լոս Անջելեսում բացել բռնության ենթարկված կանանց համար նախատեսված կենտրոն։ Վատ կողմ դեռ չեմ տեսել։ Ինչպես ռուսներն են ասում՝ красота спасёт мир (ժպտում է)։

    Այսօր ինչո՞վ եք զբաղվում։ Տեղյակ եմ, որ նաև բարեգործական ծրագրեր եք իրականացնում, պատմեք մեզ մի փոքր դրանց մասին։

    Հիմա ղեկավարում եմ իմ ընտանեկան շինարարական բիզնեսը։ Զբաղվում եմ նաև մարքեթինգով։ Փորձում եմ օգնել նաև մանկատան երեխաներին, որ նրանք էլ իրենց սիրված և կարևոր զգան։

    Ի՞նչ նախասիրություններ ունի «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» -ը։

    Շատ եմ սիրում ճանապարհորդել, նոր մշակույթներ ուսումնասիրել ու բացահայտել։ Ինձ մոտ նոր լեզուներ սովորելը շատ հեշտ է ստացվում, հիմա տիրապետում եմ 5 լեզվի, 6-րդն էլ սովորում եմ։

    Դուք որդի ունեք։ Արդյոք նա գիտակցո՞ւմ է, որ իր մայրը գեղեցկուհի է (թեպետ բոլոր երեխաների համար իրենց մայրիկն ամենագեղեցիկն է)։

    Այո՛, ունեմ տղա։ Նա իմ առաջին աջակիցն ու օգնականն է, ով միշտ հպարտանում էր ինձանով։ Բայց հիմա ավելի շատ է հպարտանում։ Նա իմ կյանքի իմաստն է, դե, ես էլ՝ իրենը։

    Ինչպես է ստացվել, որ բնակվում եք Կալիֆոռնիայում, բայց Չինաստանում կայանալիք «Միսիս Երկրագունդ» մրցույթում ներկայացնելու եք Հայաստանը։

    Երբ սկսեցի պատրաստվել «Mrs. North America» մրցույթին, շատ էի խոսում Հայաստանի մասին,  գովազդում այն, միշտ մասնակցում էի բարեգործական միջոցառումների, ինչպես նաև ակտիվ էի Լոս Անջելեսի հայկական մշակութային կյանքում։ Վերջին օրն ինձ ասացին՝  քանի որ մեծացել եմ Մոսկվայում, կարող եմ նաև մասնակցել «Mrs. Globe» մրցույթին, բայց՝ որպես Ռուսաստանի ներկայացուցիչ։ Ես էլ ասացի, եթե հնարավորություն կա Միացյալ Նահանգներից զատ այլ երկիր ներկայացնելու, ապա կուզեի ներկայացնել Հայաստանը։ Հենց այդպես էլ եղավ, ինձ շնորհվեց «Beauty of the America» մրցանակը, հետո էլ առաջին վիցե միսս, որից հետո՝ «Mrs. Armenia» տիտղոսը։ Իմ ուրախությանը չափ ու սահման չկար։ Ինչ վերաբերում է «Mrs. Globe» մրցույթին, ապա նշեմ, որ մրցույթի կազմակերպիչները Միացյալ Նահանգներից են, և հենց նրանք են ինձ Չինաստան տանելու ամերիկյան պատվիրակության հետ՝ ներկայացնելու Հայաստանը։

    Մի քիչ կմանրամասնե՞ք՝  ինչ է իրենից ներկայացնում այդ մրցույթը, քանի՞ երկիր է մասնակցելու։

    Մոտավորապես 80 երկրի ներկայացուցիչ է մասնակցելու մրցույթին։ Սա 25-ից բարձր տարիք ունեցող կանանց ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթն է։ Մրցույթի շրջանակներում նախատեսված են ազգային տարազի, երեկոյան զգեստի, լողազգեստի և տաղանդը ներկայացնելու փուլեր։

    Հաճա՞խ եք լինում Հայաստանում։

    Այո՛, փորձում եմ տարին գոնե մեկ-երկու անգամ այցելել հայրենիք։ Միշտ շատ եմ սիրել Հայաստանում լինել։ Հիմա ամեն վայրկյանը վայելում եմ։

    Լուսանկարները՝ Արթուր Հովակիմյանի


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top