Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Վազգեն Մանուկյանն իր հայտարարություններով թող կասկածամտություն չմտցնի մեր հասարակության մեջ

    Վազգեն Մանուկյանն իր հայտարարություններով թող կասկածամտություն չմտցնի մեր հասարակության մեջ

    Վազգեն Մանուկյանն իր հայտարարություններով թող կասկածամտություն չմտցնի մեր հասարակության մեջ
    Մայիս 23, 2019 12:21 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ Ազգային ժողովն առաջիկա հերթական նիստի ժամանակ՝ մայիսի 29-ին, կստեղծի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովը լինելու է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովը՝ ամբողջ կազմով՝ խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներով։ Այն գլխավորելու է նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

    Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ուերձում, խոսելով նաեւ Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին, ասաց, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: ԱԺ-ն ի գիտություն ընդունեց սա, եւ հանձնաժողովը շուտով կստեղծվի։

    Քննիչ հանձնաժողովը լինելու է հենց խորհրդարանական պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, քանի որ պատգամավորները գուցե առնչվեն պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ։

    ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ ամենայնի, կլինի նաեւ քննիչ հանձնաժողովի նախագահը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ըստ ընթացակարգի ԱԺ-ն կստեղծի հանձնաժողովը եւ ըստ այդմ էլ պարզ կդառնա, թե հանձնաժողովն ինչ հարցերի պատասխաններ պետք է հայթայթի, գտնի եւ հանդես գա համապատասխան հաղորդմամբ ու զեկույցներով․

    «Երբ հանձնաժողովը կսկսի աշխատել, կսկսվի այն հարցերի պատասխանների հայթայթումը, որոնք հուզում են մեր հանրությանը։ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր, հարցականներ, որոնք մամուլի էջերից մինչեւ հիմա չեն իջնում, եւ այդ հարցերը պետք է ստանան հստակ պատասխաններ։ Բայց քննիչ հանձնաժողովը պետք է կատարի ծավալուն եւ որակյալ աշխատանք, այդ հարցերի պատասխանն այնպիսին պետք է լինի, որ որեւէ մեկի մոտ կասկած չառաջացնի»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատանքը մոտավորապես պատկերացնում է այնպիսին, ինչպիսին եղան Մարտի մեկի փաստահավաք խմբի զեկույցները, որոնք, ըստ էության, կասկածներ չէին առաջացնում, որովհետեւ դրանք, ըստ պատգամավորի, հիմնված էին միայն փաստերի վրա․

    «Քննիչ հանձնաժողովը պետք է ի հայտ բերի այն փաստերը, եթե դրանք կան, որոնք մինչեւ հիմա կասկածի տեղիք են տվել՝ կապված սպառազինության հետ, կապված սխալ որոշումների հետ, կապված պաշտոնատար անձանց ոչ պրոֆեսիոնալ հրահանգավորման հետ, բազմաթիվ հարցեր կան։ Եւ եթե մենք ուզում ենք, որ էլ նման բաներ չկրկնվեն, մեր բանակը պետք է լինի կատարյալ վիճակում, եւ քննիչ հանձնաժողովն ինքը կօգնի բանակի այսօրվա ղեկավարությանը՝ այդ վիճակին հասնելու համար»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

    Մեր հարցին՝ թե ի վերջո ե՞րբ հանրությանը հանարվոր կլինի ներկայացնել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ողջ եղելությունը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների համար կպահանջվի այնքան ժամանակ, ինչքան հանձնաժողովը կարողանա աշխատել, եւ խնդիրն ամենեւին ժամանակի մեջ չէ, խնդիրը ճիշտ ձեւակերպման եւ իրականացման մեջ պետք է լինի, իսկ եթե ժամանակը չբավարարի՝ ԱԺ-ն կգտնի ժամկետները երկարացնելու հնարավորություն, որպեսզի այդ աշխատանքը լինի ամբողջական։

    Անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի այն պնդմանը, թե Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը վտանգավոր եւ վնասակար է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ, լինելով պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, Վազգեն Սարգսյանի ղեկավարած տարիներին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ իր համար մի քիչ բարդ է մեկնաբանել Մանուկյանի այդ միտքը.

    «Մանուկյանը քաղաքական գործիչ է, եւ այսօր էլ, պարզվում է, ունի քաղաքական ինչ-ինչ նպատակներ, որովհետեւ ակումբներ են ստեղծվում, որոնց իմաստը, նպատակը ես չեմ հասկանում։ Բայց Վազգեն Մանուկյանը վերջին շրջանի իր քաղաքական գործունեության ընթացքում Հոկտեմբերի 27-ից հետո շատ տպավորված էր եւ Նաիրի Հունանյանի խմբին բնորոշեց «ռոմանտիկների խումբ»։ Հիմա ինքն ինչ վտանգներ է տեսնում՝ լավ չեմ հասկանում, որովհետեւ այդ հանձնաժողովը պետք է ի հայտ բերի այն բոլոր թերացումները, որոնք ապագայում պետք է տեղ չգտնեն մեր բանակի կառուցվածքի եւ կառավարման մեջ։ Եթե ինքը վախեր է տեսնում, որ կարող է բացահայտվեն, ի հայտ կգան բաներ, որոնցից գուցե արժե վախենալ, բայց ես կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանները չտալով մենք ապագայում ավելի վատ բաների ենք հանգելու։ Դրա համար թող Վազգեն Մանուկյանը չվախենա, բացահայտումները լինելու են ի շահ մեր պետականության»,-ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ բացահայտումներ չլինեն, այդ հանձնաժողովը հստակ կներկայացնի իրական պատկերը եւ կուղենշի այն հնարավորությունները, որոնք միտված կլինեն մեր բանակի, մեր անվտանգության միասնական համակարգի ուժեղացմանը։

    «Ես Վազգեն Մանուկյանի ասածները չեմ կարող ընկալել, որովհետեւ դրանք միտված չեն մեր բանակի առողջացմանը եւ կայացմանը, այնպես որ Վազգեն Մանուկյանը թող գնա իր ճանապարհով, եթե կարողանում է, թող Հանրային խորհուրդը ծառայեցնի մեր պետականությունն ուժեղացնելու համար եւ ոչ թե նման հայտարարություններով անընդհատ կասկածամտություն մտցնի մեր հասարակության տարբեր հատվածների մեջ»,-եզրափակեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, առաջիկայում նաեւ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

    Նյութի աղբյուրը՝ armtimes.com


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top