Նորակոչիկների մասով ունենք բժշկական հետազոտությունների ծավալի շատ մեծ աճ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա նշանակում է, որ հետազոտություններն իրականացվում են շատ ավելի լայն շրջանակով, շատ ավելի խորությամբ, եւ սա փաստ է: Մենք նաեւ վերջին տարիներին ՊՆ-ի հետ համատեղ վերանայել ենք կառավարության որոշումները, որոնցով սահմանված են հիվանդությունների ցանկը, վիճակների ցանկը, որոնցով որոշվում է  զինծառայության պիտանելիությունը:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարվա ձմեռային զորակոչի շրջանակներում գործարկվեց էլեկտրոնային առողջապահության ուղեգրման կտորը, որը բերում է թե թափանցիկություն, թե տվյալների ամբողջականություն, եւ նաեւ աշխատանքի ավելի ճիշտ կազմակերպում»,- ասաց Ավանեսյանը:

Նա հավելեց. «Ցանկացած պարագայում քաղաքացին պետք է հետեւողական լինի իր իրավունքների պաշտպանության մասով. կան բողոքարկման գործընթացներ եւ միայն զինկոմիսարիատի հանձնաժողովը չէ, որ որոշում է կայացնում պիտանելիության մասով, կա արդեն փորձագիտական հանձնաժողով, որը հիվանդանոցային լրացուցիչ հետազոտությունների համալիր փորձաքննության արդյունքում վերջնական որոշում է կայացնում»:

385