
ТНТ հեռուստաալիքի տնօրեն, «Газпром Медиа Entertainment Television»-ի կառավարիչ տնօրեն Թինա Կանդելակիին կարգելվի մուտք գործել Ղազախստանի տարածք:
Այս մասին հայտնում է KazTAG գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովի հայտարարությանը։
«Միջոցներ են ձեռնարկվում, այսօր կամ վաղը դա տեղի կունենա, պետություն երբեք չի ների դա, նա կարող է չգնալ Ղազախստան, բայց եթե որոշի գալ, նրանք նրան ներս չեն թողնի»,- ասել է դիվանագետը:
Այս որոշման պատճառը, ինչպես նշում են հրապարկման հեղինակները, կարող է լինել հեռուստահաղորդավարուհու՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում արած գրառումը, որում նա մի քանի երկաթուղային կայարաններ վերանվանելու՝ հանրապետական իշխանությունների որոշումը համեմատել էր Բալթյան երկրներում ռուսաց լեզվի արգելքի հետ:
Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետությունում պետական լեզուն ղազախերենն է։ Պետական կազմակերպություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ռուսերենը պաշտոնապես օգտագործվում է դրա հետ հավասար հիմունքներով։ Սակայն երկրում պարբերաբար սկանդալներ են բռնկվում ազգայնականների կողմից ռուսաց լեզվի օգտագործման խոչընդոտման պատճառով։