Մարտի 22-ին՝ ժ. 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։

1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ, բաժինը 1950-ից անվանակոչվեց Կոմիտասի անունով: 2023 թ․ սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժողգործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ, իրենց գործին նվիրված մասնագետներ և որակյալ երաժշտական գործիքներ:

2023 թ․ հունիսի 15-ին, ի հեճուկս շրջափակման դաժան պայմանների, դպրոցը պատվով ու հպարտությամբ նշեց իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ։ Մոմերի և լապտերների լույսի ներքո դպրոցի տաղանդաշատ սաների կատարումները նույնքան հուզիչ էին, որքան պատմական անցյալում Լենինգրադի շրջափակման պայմաններում իրականացվող համերգները:

«Մենք՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վերաբացման նախաձեռնող խմբի անդամներս, փորձում ենք պահպանել մեր սիրելի կրթօջախը՝ հուսալով ու հավատալով, որ կկարողանանք բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը և շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն և բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը: Այս համերգը նվիրված է հենց այդ նպատակին»,- ասված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ։

601