Իսրայելը հայտնել է ԱՄՆ-ին, որ պատրաստ է վճռական պատասխանի Իրանի կողմից իր տարածքի վրա հարձակման դեպքում։
Այս մասին հայտնում է Axios հարթակը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին։ Նրանք պնդում են, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ օգտագործելով բալիստիկ և թեւավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու սարքեր՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական օդուժի հարվածից հետո։ Իսրայելի պաշտոնյաները հավելել են, որ հրեական պետությունը պատրաստ է պատասխան քայլերի, որոնք հակամարտությունը նոր մակարդակի կհասցնեն։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները նաև Axios-ին հայտնել են, որ իրավիճակի հնարավոր սրումը քննարկվել է ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Յոավ Գալանտի հեռախոսազրույցում: Հարթակի աղբյուրների համաձայն՝ ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի զարգացման տարբեր սցենարների նախապատրաստում և գործողությունների համակարգում։