Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Հրշեջ-փրկարարները նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերել են մահացածի մարմինը:

Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Հրշեջ-փրկարարները մահացածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր, ով աշխատանքներ կատարելիս էլեկտրական հոսանքի լարերին է անզգուշությամբ դիպել, ինչի պատճառով էլեկտրահարվել ու տեղում մահացել է:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com
 

877