2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հարուցեց Ադրբեջանի դեմ այս դատավարությունը էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող քաղաքականության և գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ:

«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են նողկալի ատելություն սերմանող արտահայտություններ։ Պետական պաշտոնյաները ապամարդկայնացնում են էթնիկ հայերին և նրանց լիակատար ոչնչացման կոչ են անում: Սա համատարած, պետության կողմից արտոնված ռասիզմ է, որը Ադրբեջանի իրավական ներկայացուցիչը երեկ անվանել է «այսպես կոչված հայատյացություն»: Այնտեղ մի մթնոլորտ է, որտեղ կացնով մարդասպաններին պարգևատրում, խթանում և փառաբանում են որպես ազգային հերոսների՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար:

Ռասայական ատելության պետական այս երկարամյա քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Հայտարարված նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց նախագահ Ալիևը՝ (մեջբերում) «Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց» (մեջբերման ավարտը): 44 օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները պարբերաբար սպանել, խոշտանգել և ծաղրել են էթնիկ հայերին: Նրանք ուրախությամբ տեսանկարահանում էին, թե ինչպես են հրեշավոր բռնության գործողություններ իրականացնում էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ՝ բղավելով ռասայական վիրավորանքներ»,- նշել է Կիրակոսյանը:

Նա հավելել է, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կասեցնել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումը, ինչը հետևեց ինը ամիս շարունակված շրջափակմանը, ինչը ժամանակավոր միջոցների մասին դատարանի առաջին երկու վճիռների աղաղակող խախտում էր: Կիրակոսյանը նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը համակարգված կերպով ոչնչացնում է հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:

«Բախվելով Հայաստանի դիմումներին և նրա՝ իր դեմ անհերքելի ապացույցներին՝ Ադրբեջանը հուսահատորեն փորձում է կողմերի միջև հավասարության կեղծ զգացում ստեղծել՝ գործ հարուցելով Հայաստանի դեմ»,- ասել է ՀՀ ներկայացուցիչը, հավելել՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ: Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների ներկայացված երկու փաթեթներն իրար կզրոյացնեն, սակայն նման մարտավարությունը դատապարտված է ձախողման։

415