Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գլխավոր քարտուղար Կայռաթ Սառըբայը վերջերս արված իր հայտարարության մեջ անարդարացի, հանցահեն դիտարկումներ է կատարել։ Վերջինս, կարևորելով Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ամրապնդումը և կազմակերպության ներսում տնտեսական համագործակցության հնարավորությունների մեծացումը, նշել է, որ 2020 թ․ Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի հաջող ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում հակամարտությունը դարձավ պատմություն»։ Կայռաթ Սառըբայը նշել է նաև, որ «ներկայումս տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառումներ են իրականացվում»։ Նման հայտարարությունները, որոնք ակներևաբար վերադասում են տնտեսական շահը, իրենց խորքում պարունակում են քաղաքական միակողմանիության և անհամարժեք գնահատականների մի հսկայական շղթա։

Նախ գլխավոր քարտուղարը որպես տարածաշրջանային հակամարտության կարգավորման միջոց համարում է «Ադրբեջանի հաջող ռազմական գործողությունները», միամտաբար կամ դիտավորյալ չնշելով, որ տարիներ շարունակ հենց Ադրբեջանն է խոչընդոտել խաղաղ բանակցային եղանակով հակամարտության կարգավորումը։ Բացի այդ Կայռաթ Սառըբայն իրեն իրավունք է վերապահում «պատմության գիրկն ուղարկել» մի հակամարտություն, որը սկիզբ է առել մարդու իրավունքների պահպանման հիմքի վրա և ընթացիկ փուլում բնորոշվում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների համակարգային ոտնահարմամբ։ Սակայն Սարիբայը կարծես թե «մոռանում է» այն արմատական հանցանքների մասին, որոնք վերջին տասնամյակների ընթացքում պետականորեն իրագործվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայության նկատմամբ ընդհանրապես։ Մասնավորապես՝ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերն ու կոտորածները, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմները, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափումը, ագրեսիվ հռետորաբանությունն ու ծայրահեղ Արմենոֆոբիկ քարոզչությունը միայն ու միայն խորացրել են արդեն իսկ ծագած հակամարտությունը։

Մյուս կողմից դեռ մեծագույն անհստակություն է պարունակում Կայռաթ Սառըբայի «հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառումներ» արտահայտությունը։ Արդյոք Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գլխավոր քարտուղարը «վերականգնողական միջոցառումներ» է համարում 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ իրագործված բոլոր պատերազմական գործողությունները, իրավախախտումները, քաղաքական ու մշակութային վանդալիզմը։ Հետևապես Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում միտումնավոր հումանիտար աղետի ստեղծումը, սովամահության և մանկամահության նպաստումը, անմեղ մարդկանց առևանգումը և կեղծ հիմքերով կամայական դատավարությունների բեմադրումը, էթնիկ զտումը և ավելի քան 150 հազար էթնիկ բնիկ հայերին վերադարձի իրավունքից զրկումը ամենևին չեն համապատասխանում «փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցություն» կազմակերպության հռչակած առերևույթ սկզբունքներին։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Կայռաթ Սառըբայի ընտրանքային, կողմնակալ և հակահայ հայտարարությունը տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ։ Մենք կոչ ենք անում վեր գտնվել ցեղասպան պետությանն ամեն գնով դուր գալու ձգտումից, չվարկաբեկել մի կազմակերպություն, որին անդամակցում են Հայաստանի շատ ու շատ բարեկամ պետություններ և արդարացի գնահատականներ տալ Ադրբեջանի գործողություններին, որոնց կրկնությունից այլևս ապահովագրված չէ տարածաշրջանային և արտատարածաշրջանային որևէ երկիր։

369