Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը։

Ադամ Շիֆը նաև հավելել է որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված:

«Արմենպրես»-ը ներկայացրել է Շիֆի՝ X-ի միկրոբլոկում հրապարակված տեսաուղերձն ամբողջությամբ։

«109 տարի առաջ Օսմանյան կայսրությունը սկսեց համաձայնեցված և համակարգված ջանքեր՝ ոչնչացնելու հայ ժողովրդին: Բոլոր խավերի հայերը հավաքվել են և դաժանաբար սպանվել. գրողներին, արվեստագետներին, ձեռնարկատերերին, հոգևորականներին խոշտանգել և ողջ-ողջ այրել են եկեղեցիներում, նորածիններին գողացել են իրենց ծնողների գրկից, ավելի քան մեկ միլիոն տղամարդ, կին և երեխա սպանվել է։ Ընտանիքները կոտորվել են ամենադաժան ձևերով:

Եվ, այնուամենայնիվ, չնայած այս մեթոդական զանգվածային սպանության, այս ցեղասպանության ճնշող և անընդհատ աճող ապացույցներին, Թուրքիան ձեռնամուխ է եղել երկար ու վտանգավոր արշավի՝ ժխտելու ցեղասպանությունը և լռեցնելու յուրաքանչյուրին, ով ձգտում է խոսել ճշմարտության մասին:

Ես հանդիպել եմ կենդանի մնացածների հետ: Ինձ ընդունել են իրենց տները: Ես լսել եմ նրանց պատմությունները, թե ինչպես են սպանվել իրենց ծնողները, մորաքույրներն ու հորեղբայրները, թե ինչպես են ոչնչացվել նրանց ունեցվածքը և կյանքը, որը նրանց ընտանիքները կառուցել են: Ես դիտել եմ, թե ինչպես են նրանք վերապրում ցավը նորից ու նորից՝ վերաբացելով վերքը՝ կենդանի պահելու իրենց ընտանիքների պատմությունը:

2019 թվականին Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն և երկկուսակցական տարբերությամբ ընդունեց իմ որոշումը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: 2021 թվականին նախագահ Բայդենը վերջապես մի կողմ թողեց մեր ազգի տասնամյակների ամոթալի լռությունը՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Այս պատմական ձեռքբերումները տեղի են ունեցել ամուր և հարատև հայկական սփյուռքի և տասնամյակների աշխատանքի շնորհիվ: Դա հազարավոր ակտիվիստների, կազմակերպությունների, համայնքների և հավատքի առաջնորդների ջանքերի վկայությունն է: Սա մարդու իրավունքների և ճշմարտության հաղթանակ է, և դա մի բան է, որին մենք հասել ենք միասին աշխատելով: Բայց մենք գիտենք, որ դեռ շատ կարևոր, դժվարին աշխատանք կա անելու: Այս վերքերը դեռ բաց են։ Դրանք լիովին չեն բուժվել, և ողբերգական ձևերով ոմանք էլ ավելի են մեծանում:

Մինչ օրս Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմում է մեկ դար առաջվա ցեղասպանական լեզվին և գործողություններին` Թուրքիայի աջակցությամբ: Նրանք հարձակվեցին Արցախի վրա 2020 թվականին, շրջափակեցին Արցախը մոտ 10 ամիս՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից, իսկ հետո 2023 թվականին Ալիևի ռեժիմը լիովին օգտվեց այն հանգամանքից, որ ժողովրդը՝ Արցախի բնիկ հայ բնակչությունը, համակարգված սովի էր մատնվել, և էթնիկ զտման ենթարկեց նրան:

Մինչ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ «այլևս երբեք» խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է սպառնալիքների, ինչպես երբեք: Վարչակազմի կողմից խիստ հայտարարությունների ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել, չեն կարող մնալ անպատասխան:

Այս հանդիսավոր տարելիցին, երբ կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, մենք նաև անդրադառնում ենք փրկվածների՝ նրանց երեխաների և թոռների տոկունությանը։ Նրանց, ովքեր նոր կյանք են կառուցել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, ովքեր խոսում են գեղեցիկ հայերեն լեզվով և հարստացնում մեր ազգը հայկական մշակույթով և ժառանգությամբ:

Չնայած այն սարսափներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը: Նրանք հաղթահարել են ամենադաժան փորձությունները և զրկանքները, և, այնուամենայնիվ, մնում են ամուր և չխոնարհված՝ Հարավային Կալիֆորնիայում, Երևանում և ամբողջ աշխարհում: Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին»,- ասել է նա։

954