Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024-2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախատեսվում է 2024-2025 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 219 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 171 տեղ՝ ընդհանուր տեղերի 16.3%-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3.8%-ը (ընդամենը՝ 40,9%):

Համաձայն որոշման՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ըստ այդմ՝ 4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում:

Որոշմամբ՝ մագիստրատուրայի 2024-2025 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝ «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտության՝ «Ավիատիեզերական ճարտարագիտություն», «Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության՝ «Ավիատիեզերական սարքաշինություն», «Ֆիզիկա» մասնագիտության՝ «Մակրոմոլեկուլների ֆիզիկա», «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության՝ «Հեռահաղորդակցություն», «Կենսաբանություն» մասնագիտության՝ «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» և «Կենդանաբանություն և մակաբուծություն», «Սոցիոլոգիա» մասնագիտության՝ «Հանրային քաղաքականության հետազոտություններ», «Քիմիական տեխնոլոգիա» մասնագիտության՝ «Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա», «Իրավագիտություն» մասնագիտության՝ «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք», «Քաղաքագիտություն» մասնագիտության՝ «Կիրառական քաղաքագիտություն» և «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն», «Ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտության «Ռիսկերի կառավարում» կրթական ծրագրերը:

Հաշվի առնելով գյուղատնտեսական գիտության բնագավառի մասնագիտությունների կարևորությունը տնտեսության զարգացման գործում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված տեղերի քանակը նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելացվել է 27-ով: Այդ մասնագիտություններն են՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն», «Անտառային տնտեսություն», «Անասնաբուժություն», «Ագրարային ճարտարագիտություն»:

419