Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։

Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումն, առաջին անգամ, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումից հետո։ Ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը վերստին, իր բնօրրանում, առերեսվում է գոյաբանական սպառնալիքների՝ շեշտելով 1915 թվականին մարդկության դեմ գործված ոճրի և դրա անպատժելիության անմիջական ազդեցությունը Հայաստանի կողմից ներկայումս դիմագրավվող մարտահրավերների վրա։ Նշվեց, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումն արդարացնելու համար այժմ Ադրբեջանն իրականացնում է հայկական մշակութային ժառանգության բացահայտ ոչնչացման քաղաքականություն՝ նպատակ ունենալով վերջնականապես ջնջելու հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը։

Ընդգծվեց Հայոց ցեղասպանության ժխտողականության և դրա անպատժելիության դատապարտման անհրաժեշտությունը՝ որպես կարևոր գործոն՝ միտված ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդկության դեմ հանցագործությունների պայքարին։

Դեսպանն իր խոսքում նաև կարևորեց Հայաստանի համար դժվար պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցությունը։ Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հիդալգոյին՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի հետ նրա անսասան բարեկամության և լիակատար համերաշխության համար։ Այս առնչությամբ դեսպանը հիշատակեց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կրկնվող սպառնալիքները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին աջակցող բանաձևերի ընդունումը։

Ընդունելությանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Վերջինս քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվեց Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։

205