ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով «Edu2Work» էլեկտրոնային հարթակը պաշտոնապես փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, ոլորտային կառույցների այլ ներկայացուցիչներ:

Կարևորելով ճշգրիտ տվյալների վրա հիմնված վերլուծությունների առկայությունը պետական քաղաքականության համատեքստում՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է՝ «Edu2Work» հարթակի միջոցով հնարավոր է մեծածավալ տվյալներ ստանալ, որոնց հիման վրա կատարվող վերլուծություններից կբխեն կայացվող որոշումները:

«Այդ տվյալները նաև մեր ուսումնական հաստատությունների համար են: Կառավարության ծրագրով մենք կարևորագույն բարեփոխումներ ենք սկսել նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, որտեղ մեր ամենակարևոր խնդիրներից են մասնագիտությունների ցանկերի վերանայումը, ընդունելության տեղերի բաշխման սկզբունքների որոշումը՝ հիմնվելով տվյալ տարածաշրջանի և ամբողջ երկրի տնտեսության կարիքների վրա: Այս տվյալները գալիս են սպասարկելու այդ խնդիրների նպատակային լուծմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հիշեցնենք՝ «Edu2Work» հարթակը ստեղծվել է արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանությունը հավասարակշռելու նպատակով: Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ստանալ աշխատաշուկայի պատկերն իրական ժամանակում, մշակել փաստահեն քաղաքականություններ և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել կարիերայի վերաբերյալ։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։

Ավելին՝ https://escs.am/am/news/21992

637