«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Երբեմն հարցնում են, թե ինչու՞ ենք Իրազեկ քաղաքացիների միավորում - Union of Informed Citizens-ում մարդկանց մեկ առ մեկ հաշվում։ Ինչու՞ չենք օգտվում խտությունxմակերես աշխարհում ընդունված մոդելից։
Բանն այն է, որ Հայաստանում ամեն ինչ այնքան է դարձել խնամի-ծանոթ-բարեկամով, որ մարդկանց փոխադարձ վստահությունը շատ ցածր է։
Ամեն բան ասելուց պետք է հետևից մի 70 հատ ապացույց բերես, որ ճիշտ ես ասում։ Հավաքի մասնակիցների քանակը ասում ես, հետևից հրապարակում ես ֆայլ, որի վրա բոլոր մարդիկ համարակալված են (ու հեշտ կարելի է ստուգել, որ «պադվոխ» չկա), միևնույնն է, գտնվում են մարդիկ, ովքեր հաջողացնում են կասկածի տակ դնել։
Բայց, ցավոք, դրվածքն է այդպիսին։ Հայաստանում, ոչ դատաիրավական համակարգը, ոչ ընտրական համակարգը, ոչ ուժային համակարգը չեն կարողանում անաչառ աշխատել։ Այդ ֆոնին, եթե մենք ուզում ենք, որ մեզ հավատան, այո, ամեն անգամ ստիպված ենք մեր անաչառության ապացույցներ կցել։