Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունվել է 84 կողմ և 30 դեմ ձայներով»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։
Ընթացակարգի համաձայն՝ օրենքը կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ստորագրության։ Նա արդեն հայտարարել է, որ վետո է դնելու դրա վրա։
Այս դեպքում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստիպված կլինի սկսել վետոն վերացնելու ընթացակարգ:
Այս պահին խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում օրենքի դեմ։ Ցուցարարները Ռուսթավելի պողոտայի օրենսդիր շենքի մոտ են։ Ցուցարարների մյուս մասն էլ գտնվում է Չիչինաձեի փողոցում, որը տանում է դեպի խորհրդարանի ծառայողական մուտք։ Այնտեղ մոբիլիզացվել են նաև ոստիկանության և հատուկ նշանակության ուժերի ուժեղացված ստորաբաժանումներ։