«Գրանթ Թորնթոն» ՓԲ ընկերության ներկայացուցիչը և «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲ ընկերության անունից Ռոզա Աբրահամյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, որով պահանջվում է անվավեր ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարիքների համար «աուդիտորական ծառայությունների մատուցման» ձեռքբերման նպատակով հայտարարված ՀԾԿՀ-24/3-ԳՀԾՁԲ ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի հրավերը: Ինչի մասին տեղեկանում ենք DataLex տեղեկատվական համակարգից։

Այս մրցույթով պատրաստվում են ընտրել «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ-ի աուդիտ իրականացնող ընկերությանը։ Եւ հիշեցնենք, որ սա վերջին շրջանում մոտ տասնյակի հասնող կասեցված մրցույթներից մեկն է, որը փոխկապակցված է Գազպրոմի հետ ու հարց է, թե արդյոք պատշաճ աուդիտը կպարզի բոլոր այն չարաշահումները, որ տեղի են ունեցել եւ ունենում «Գազպրոմ» ընկերությունում։

DataLex-ից տեղեկանում ենք, որ դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, այն մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին և հայցվորի ներկայացուցչի գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է և գործը կքննվի գրավոր ընթացակարգով: 
Նշվում է, որ պատասխանող կողմից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, դատարանը պահանջել է թիվ ՀԾԿՀ-24/3-ԳՀԾՁԲ ծածկագրով գնման գործընթացի հետ կապված իր տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները, ինչը ենթակա է կատարման պատասխանողի կողմից այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

Հավելենք, որ սույն որոշումը կուղարկվի նաև լիազորված մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը: Իսկ եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2024 թվականի հունիսի 12-ին։

803