ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ.

 

«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,

 

Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից ի վեր մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:

 

Պետության խնդիրն է մշտապես աջակցել և խրախուսել ուսանողներին և երիտասարդներին՝ նրանց ներուժն ու տաղանդը բացահայտելու, գաղափարներն իրագործելու ճանապարհին: Այսօր ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտների նշաձողը բարձրացնել՝ հնարավորություն ստեղծելով դեպի երազանք տանող ճանապարհը դարձնել դյուրին, իսկ տաղանդը, գիտելիքն ու հմտությունները ներդնել հանրային կյանքի առաջընթացում:

 

Մենք ունենք ոգևորող միտում՝ գիտության երիտասարդացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթներով ֆինանսավորման երաշխավորված նախագծերում ընդգրկված հետազոտողների կեսից ավելին երիտասարդ են: Ընդ որում՝ տարբեր գիտական նախագծերում աշխատող երիտասարդ գիտնականների մոտ 30 տոկոսը գիտական խմբերի ղեկավարներ են:

 

Շարունակաբար երիտասարդներին տրամադրվում է դրամաշնորհային աջակցություն՝ արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու նպատակով:

 

Ուսանողների և գիտնականների համար որակյալ և արդիական կրթական և հետազոտական միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է նաև ակադեմիական քաղաքի կառուցումը, որը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը:

 

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփական սխալների վրա սովորելուց. մաղթում եմ կամք և համառություն՝ իրականացնելու ձեր ամենահավակնոտ գաղափարները և նախաձեռնությունները»:

475