Ադրբեջանը նախիջևանացնում է Լեռնային Ղարաբաղը, որովհետև տարիներ շարունակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության և հայկական միջավայրի ֆիզիկական ոչնչացման և գոյութենական սպառնալիքի ստեղծման համար այդպես էլ չարժանացավ հասանելիք պատժի և պատասխանատվության։

Այս մասին հաղորդագրություն է տարածել  Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը։

«Հայկական քրիստոնեական հոգևոր մշակութային ժառանգության արժեքավոր մասը հանդիսացող Նախիջևանի Վերին Ագուլիսի Սբ․ Թովմա առաքյալի վանքը դեռևս նախորդ դարից եղել է ադրբեջանական ջարդարարության թիրախում։ 2000-2009 թթ․ ընթացքում վանքն ամբողջությամբ ավերվեց, ինչը վկայված է նաև արբանյակային լուսանկարներով։

Սբ․ Թովմա առաքյալի վանքն իր ճարտարապետական հորիվածքով, արտաքին և ներքին հարդարմամբ իրենից ներկայացնում է մի ուրույն համակարգ։ Դարերի ընթացքում բազմաթիվ պատմական փորձություններով անցած սրբավայրը 17-րդ դարում վերակառուցվել է։ Եկեղեցու ներսը 17-րդ դարի վերջին որմնանկարել է վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը։

 

Վանքում 14-18-րդ դարերում գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375թ. ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողμերգությանն» է։ Վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում։ Վանքը ուներ 13-19-րդ դարերին պատկանող գերեզմանատուն։

Ագուլիսի հայ բնակչության, հետևապես Սբ․ Թովմա առաքյալի վանքի ճակատագիրը պայմանավորվեց 1918 թ․ թուրքական արշավանքի հետ, երբ տեղի ունեցավ ողջ Նախիջևանի հայ բնակչության կոտորած և բռնի տեղահանում։ Ագուլիսին ևս վիճակված էր 1918-1919 թթ․ կրել թուրք-ադրբեջանական վայրագությունների ծանրությունը, ինչը ուղղակի կոտորածի և գոյութենական սպառալիքի տակ հանգեցրեց Ագուլիսի հայաթափմանը։ Լքվեց նաև Սբ․ Թովմա առաքյալի վանքը։ Սրբատեղին, որը հիմնադրվել է դեռևս առաջին դարում Բարդուղիմեոս առաքյալի կողմից և վերածվել ընդարձակ վանքի Հայաստանում քրիստոնեության պետականացումից հետո, քսանմեկերորդ դարում՝ աշխարհի «քաղաքակրթական» նվաճումների պայմաններում հիմնահատակ ոչնչացվեց։

2014թ․ մայիսի 15-ին առնվազն երկհազարամյա հայկական քրիստոնեական կենտրոնի տեղում բացվեց մզկիթ։ Եվ այսօր տարածաշրջանային քրիստոնեության դեմ պետական լայնամաստշաբ արշավի պայմաններում Ադրբեջանը խոսում է բազմամշակութայնության մասին և դեռ համարձակվում անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին՝ իսլամաֆոբիկ փաթեթավորմամբ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հանցագործությունների ապահասցեագրման էժանագին միջոց։

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում այժմ Լեռնային Ղարաբաղն է՝ իր ողջ հայկական էթնոմշակութային միջավայրով, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը։ Մի շարք եկեղեցիներ, ինչպես օրինակ Շուշիի Կանաչ ժամը, Լաչինի Սբ․ Համբարձում եկեղեցին հիմնահատակ ոչնչացվել են, Շուշիի գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության խաչմերուկի, Սբ Առաքելոց եկեղեցին խեղվում է կամայականորեն, հայկական ազգային կառույցները վերածվում են քարակույտերի։

Ադրբեջանը նախիջևանացնում է Լեռնային Ղարաբաղը, որովհետև տարիներ շարունակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության և հայկական միջավայրի ֆիզիկական ոչնչացման և գոյութենական սպառնալիքի ստեղծման համար այդպես էլ չարժանացավ հասանելիք պատժի և պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։

505