Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվանակոչվել:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն (սկսվում  է Զաքարիա Քանաքեռցու փողոցից, հատում 15-րդ փողոցը, հասնում մինչև Քանաքեռի 14-րդ փողոցի հ.32 հասցե) անվանակոչել բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի անվամբ՝ «Մկրտիչ Սարգսյան փողոց»»,- ասվում է որոշման մեջ։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նշենք՝ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այս որոշման վերաբերյալ իր էջում գրել է, որ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ միասին դիմել են Երևանի քաղաքապետարան՝ Քանաքեռի 14-րդ փողոցը ծնունդով Ջավախքից մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Մկրտիչ Սարգսյանի անվամբ անվանակոչելու հարցով։

«Ի ուրախություն բոլորիս, Երևան քաղաքի ավագանին բավարարեց մեր խնդրանքը։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Երևան քաղաքի ավագանուն և քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նշեմ, որ այս տարի լրացել է հայրենանվեր գործիչ Մկրտիչ Սարգսյանի հարյուրամյակը։ Հոբելյանի շրջանակներում իրականացրել և իրականացնելու ենք մի շարք տոնական միջոցառումներ»,- ասվում է Թորոսյանի գրառման մեջ:

166