Այսօր ակտիվորեն քննարկվում է Եկեղեցուն հարկային դաշտ բերելու հարցը, ինչի մասին երեկ ԱԺ-ում առաջինը բարձրաձայնեց խոսնակ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում:

Վազգեն Գալստանյանին ակտիվորեն աջակցող, «սրբազան» պայքարին միացած նախկին վարչարետ Հրանտ Բագրատյանը եկեղեցուն հարկելու կարծիքին էր դեռևս 2011 թվականին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» փոփոխությունների նախագիծը, որոնցով գույքահարկից եւ հողի հարկից ազատվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները։

«Բացարձակ հիմարություն է եկեղեցուն հող տալը: Ուղղակի դա Տիգրան Սարգսյանն անում է, որ հավերժացնի իր անունը․ Հայ եկեղեցին ինչքան շատ հող վերցնի, էնքան պետությունը կկորի։ Նույնիսկ էն, ինչ որ եկեղեցու կարիքների համար է պետք, անպայման պետք է գույքահարկով հարկվի, ինչպես բոլոր տեսակի հարկերը»,- հայտարարել էր նա։

Ի դեպ թեմային արձագանքել է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը պետությանը գործարք է առաջարկել հարկվելու դիմաց՝ պահանջելով մի քանի գյուղ ու Մատենադարանը։

512