Առավել քան վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին, որքան էլ դժգոհ, հուսահատ, ծայրահեղ ընդդիմադիր լինի, երբեք ու երբեք չի մոլորվի, չի խաբվի, երբեք ու երբեք անկախության և ինքնիշխանության դեմ պայքարի դուրս չի գա։

ՀՀ քաղաքացին, այլևս քաջ գիտակցած, կողմնորոշվել է դեպի քաղաքակիրթ արևմտյան աշխարհ, դեպի երաշխավորը մեր տարածքային ամբողջականության, անվտանգության, պետականության պահպանման ու խաղաղության։

Վստահ եմ, որ մայիսի 26-ին ՀՀ քաղաքացին վճռականորեն կմերժի դեպի հետամնացություն, աղքատություն, պատերազմ ու կորուստներ տանող ճանապարհը, անխնա կմերժի նախկին ու ներկա ագենտ-գործակալներին, սադրիչ ու հոգեխանգարված ռսաստրուկ փոքրամասնությանը, ում դեմքով ու մաշկով, ում խելքով ու ցուցումով որ հանդես գան, միևնույն է, սրանց հավաքականությունը կոչվում է հակահեղափոխություն, հակահայաստան, հակապետականություն, հակաժողովրդավարություն...

Ներկա գտնվել մի տեղ, ուր անգամ Քոչարյանի ստվերն է նկատվում, արդեն իսկ սրբապղծություն, սրբազանցություն է, թեկուզև «սրբազանի» թամադայությամբ։

Գոնե Հայ առաքելական եկեղեցին վերջնականապես մի վարկաբեկեք, հեռու, հեռու մնացեք։

Իշխանության հերն անիծած, երկիրը և պետականությունը հանգիստ թողեք։ Անկախ պետականության և ինքնիշխանության դեմ միայն ծախու ագենտները, գործակալները կամ էլ հոգեկան հիվանդները կարող են դուրս գալ, կամ էլ մոլորյալները, բայց մոլորյալ այդ աստիճանի՞։

Բոլորիս, առաջին հերթին իշխանության ամոթն ու մեղքն է, որ այսպիսի «ընդդիմություն» ենք ձևավորել Հայաստանում։ Ուստի նախ անհրաժեշտ է ընդդիմափոխություն, ապա՝ իշխանափոխություն։ Այսօրվա իշխանությունը ծնունդ է այսօրվա «ընդդիմություն» կոչվածի, իսկ այսօրվա հակապետական ռևանշիստական խումբը որպես «ընդդիմություն» այսօրվա իշխանության արգասիքն է, մեկը մյուսին ամրապնդող ու սնուցող, սակայն վերջնարդյունքում պետականության զարգացումը կասեցնող։

Այսուհետ և ընդմիշտ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի միմիայն ընտրական գործընթացներով, ոչ թե ժամանակ առ ժամանակ, տարբեր սրացումների, առավել ևս դրսից կառավարվող խմբակների սադրանքների արդյունքում։

Մի տրվեք այևս բոլորիդ համար ակնհայտ թշնամու սադրանքներին։

Մի դարձեք միջազգային քրեական հանցագործ ճանաչվածների և նրանց սպասարկուների մահակը ՀՀ-ի անկախության և պետականության «գլխին»:

Անսկզբունք, անգաղափար պայքարը շարժում չի և չի էլ դառնա, այլ անկապ, վայրիվերո շարժ է միայն, այն էլ՝ ծիծաղաշարժ։ Կամ էլ սադրելու, հրահրելու, դրսից օգնության կանչելու ազգակործան տենչանք։ Սրանց ոչինչ չի հաջողվելու, սրանք միայն հարամել ու պղծել կարող են։

Սահմանադրական կարգը խախտելու դեպքում պետք է գործի օրենքը ողջ խստությամբ։ Իշխանությանն էլ պետք է որ մտահոգի և լուրջ քայլերի մղի հասարակության կոնսոլիդացիան ապահովումը, կադրային ողորմելիներից ազատվելու և մաքրվելու քաջությունը։

Եթե ես ՀՀ քաղաքացի եմ, մերժում եմ պայքարը իմ երկրի պետականության և ինքնիշխանության դեմ։ Վերջ։

Վահան Վարդապետյան

Բժիշկ, հասարակական գործիչ

835