Հունիսի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Սօսի Պըլըխյանին:

Հյուրերը նախ շնորհավորել են Աննա Հակոբյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք մաղթել նրան: Միաժամանակ վստահեցրել են, որ իրենք Հայաստանում են պարզ մտքով և ցանկանում են օգնել հիմնադրամին կարևոր ծրագրեր իրականացնելու գործում: ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրերը շատ լավն են և գործակցությունը պետք է շարունակական լինի:

Աննա Հակոբյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործող ու պլանավորման փուլում գտնվող ծրագրերը: Աննա Հակոբյանը հատուկ առանձնացրել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրը, որն իրագործվում է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության հետ գործակցությամբ:

««Ճախրուկ» սրճատունը կամ պարզապես «Սրճատուն»-ը սոցիալական նախաձեռնություն է, որն իրականացվում է հաշմանդամություն, ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդների համար: Այն կամուրջ է հանդիսանալու այդ երիտասարդների ու հասարակության միջև: Սրճատանն աշխատելու են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, որի արդյունքում շփումը հասարակության հետ կավելանա, ինչն էլ իր հերթին հոգեբանական մեծ ազդեցություն կունենա: Ծրագիրը շատ բարդ իրականացվող է, սակայն «Իմ քայլը» հիմնադրամն արդեն իսկ սկսել է նախապատրաստական աշխատանքները»,- մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

«Սրճատանը» կլինի նաև արվեստի կենտրոն, որտեղ կցուցադրվեն ու կվաճառվեն այն բոլոր իրերը, որոնք իրենց ձեռքով պատրաստել են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող անձինք:

Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև մյուս ծրագիրը, որը ևս հանձն է առել հիմնադրամը: «Փրկություն» կենտրոնի շենքը ոչ բարվոք վիճակում է և ունի վերանորգման կարիք: Այս կենտրոն են հաճախում ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող մեծահասակները, այն ցերակային խնամքի կենտրոն է: Աննա Հակոբյանն ընդգծել է, որ գուցե այս ծրագրերը իրականացնելու փուլում հիմնադրամը դիմի նաև ՌԱԿ-ին և կուսակցության համակիրներին:

«Մենք ունենք նաև արդեն գործող ծրագրեր: Մեծ դժվարությամբ, բայց հաջողությամբ մեկնարկեցինք «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որպիսի մշակույթ մեր երկրում չկար: Սա բարեգործության մշակույթ է, որը պետք է ներդնենք ու զարգացնենք նաև Հայաստանում: Շուտով 42 սկսնակ գործարարներ 1-ական մլն դրամ կստանան իրենց բիզնեսը զարգացնելու համար: Առաջին ծրագիրը փորձնական էր, սակայն մենք նպատակադրվել ենք այն դարձնել շարունակական»,- ընդգծել է Աննա Հակոբյանը:

Հիմնադրամի փոխտնօրենները հյուրերին ներկայացրել են նաև մյուս ծրագրերը՝ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը, որը ևս ընդլայնման փուլում է և առաջիկայում ևս 6 նոր համայնքներում կներդրվի կրթական այս նոր ֆորմատը, «Quanta»-ն, որը քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր է, Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը, որի նպատակը վիրավորում ստացած պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումն է:

Ժողովրդի մեջ պետք է մշակույթ դառնա միմյանց օգնելը՝ հանդիպման ավարտին ընդգծել է ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանը և հավելել, որ իրենք «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ծրագրերը կներկայացնեն իրենց շուրջ 15 հազար համակիրներին և կջանան առավելագույնս աջակցել հիմնադրամի ծրագրերին: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գործակցության համար:

Աննա Հակոբյանը հանդիպել է նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած զինվորների հետ։

282