Կարծում ենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ընդլայնված գործընկերությունը, ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար:

Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: Դա լավագույնս արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն առաջ է քաշվել մեր Կառավարության կողմից»,- ասաց Միրզոյանը:

323