ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակնհայտ է դառնում, որ Գալստանյանն ի սկզբանե նպատակադրվել էր կազմակերպել հարձակում Ազգային ժողովի ուղղությամբ ճիշտ այն ժամանակ, երբ ԱԺ֊ում էին գտնվում ՀՀ կառավարությունը և ԱԺ պատգամավորները` պետության բարձրաստիճան ղեկավար կազմը։

Սա էր նրա այսպես կոչված անակնկալը, երբ օրեր առաջ երթի ուղղությունը փոխում էր դեպի Դեմիրճյան փողոց` նպատակ ունենալով վրանները տեղադրել այնտեղ` հետագայում ԱԺ շենք նեխուժելու համար, որը և ի սկզբանե կանխվել էր ոստիկանների կողմից։

Ընդ որում, կից տեսանյութից ակնհայտ է դառնում, որ գոյություն ունեն կազմակերպված խմբակներ, որոնք նախամտածված կերպով փորձում են ճեղքել ոստիկանական պատնեշը։

Ուզում եմ միասին տարբերություն գտնենք մեկ այլ իրադարձությունից, երբ 1999թ. հոկտեմբերի 27֊ին, ԱԺ և կառավարության հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ ներս խուժեց Հունանյանը` իր խմբակով։

Հուսամ, որ հիմա գոնե բոլոր երկմտողների համար պարզ դարձավ, որ ՔոչարյանաՍարգսյանաԳալստանյանական ընդդիմությունն ունի մեկ նպատակ. Հայաստանում տապալել սահմանադրական կարգը և իշխանությունը զավթել ժողովրդից` ինչ գնով էլ լինի։

Այլ բան, որ իրենց ծոծորակները կտեսնեն, բայց նման բան չեն տեսնի։

Բոլոր վիրավորում ստացած ոստիկաններին ու ցուցարարներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։

Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները հեռու կմնան այս արկածախնդիրներից և ակամայից նրանց ծրագիրների մասը չեն դառնա։

Եվ որպես ամփոփում.

Մատթեոս 5:22

Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի»։

518