Համաձայն ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման՝ Կոտայքի մարզում հունիսի 10-ին անցկացվեց «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

 

Մասնակիցների թվում էին Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ստեփան Ստեփանյանը, մարզպետի աշխատակազմի վարչությունների պետերը և Կոտայքի ՄՓՎ ծառայողները:

 

Ուսումնավարժության անցկացման հիմնական նպատակներն էին՝

 

 ստուգել և կատարելագործել մասնակիցների ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում,

 

 ստուգել «Ուժեղ երկրաշարժի դեպքում Կոտայքի մարզի գործողությունների պլան»-ի իրատեսությունը,

 

 կատարելագործել կառավարման մարմինների ղեկավար կազմի հմտությունները,

 

 կատարելագործել փոխհամագործակցությունը կառավարման մարմինների և կազմակերպությունների միջև:

 

Մեկնարկին ուսումնավարժության մասնակիցները, ստանալով հավաքի ազդանշան, ժամանեցին Կոտայքի մարզպետարան՝ խորհրդակցության քննարումներին ներկա լինելու նպատակով:

 

Այնուհետև ուսումնավարժության ղեկավարը մասնակիցներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը, տվեց համապատասխան հանձնարարականներ:

 

Ուսուցանվողները նախապատրաստեցին առաջարկություններ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլան»-ը, ինչպես նաև «Ուժեղ երկրաշարժի դեպքում Կոտայքի մարզի գործողությունների պլան»-ը գործողության մեջ դնելու վերաբերյալ:

 

Տեղի ունեցան սցենարային զարգացումներ և խաղարկվեցին մասնավոր հանգամանքներ, որոնցով ստուգվեցին մասնակիցների գործողությունները, նաև նախապատրաստական և կանխարգելիչ միջոցառումները:

 

Ուսումնավարժության անցկացման ընթացքում առաջացան հարցեր և խնդրադրումներ, և մասնակիցների կողմից ներկայացվեցին համապատասխան լուծումներ:

 

Ուսումնավարժությունը հնարավորություն տվեց մասնակիցներին կիրառել արտակարգ իրավիճակի պայմաններում գործելու հմտություններն ու ունակությունները, միաժամանակ փորձառություն ձեռք բերել արագ կողմնորոշման և հրատապ որոշումներ կայացնելու ուղղությամբ։

214