Քաղաքաշինության կոմիտեի և խորվաթական «IGH ինստիտուտ» ընկերության միջև հունիսի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքաշինության ոլորտում համագործակցության նպատակով։
Հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Խորվաթիայի Հանրապետությունում գործող ընկերության կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։

Նախատեսվում է իրականացնել կարողությունների զարգացում և փորձի փոխանակում նախագծման, շինարարության, տեխնիկական հսկողության ոլորտներում, համագործակցել քաղաքային պլանավորման թվայնացման, BIM ստանդարտների և ուղեցույցների մշակման, քաղաքաշինության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառման ու լաբորատորիայի հիմնման ուղղություններով։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է միջազգային փորձ ունեցող կազմակերպության մասնագիտական ներուժի ներգրավումը՝ հաշվի առնելով Հայաստանում իրականացվող քաղաքաշինական խոշոր ծրագրերը. «Առաջիկայում կոմիտեի առանցքային նախաձեռնություններից է լինելու շինարարության տեխնիկական հսկողության գործընթացի համակարգային վերանայումն ու ոլորտային լաբորատորիաների կարողությունների օգտագործումը։ Հայաստանում լաբորատորիա հիմնելու «IGH ինստիտուտ»-ի մտադրությունն իրագործելու դեպքում՝ ընկերությունը որոշիչ դերակատարում կարող է ունենալ այս ասպարեզի զարգացման գործում»։

«IGH ինստիտուտ»-ի կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քննարկված ծրագրերի իրագործմանը՝ օգտագործելով ընկերության մասնագիտական ներուժն ու գիտատեխնիկական հնարավորությունները։ Նա նշել է, որ 1949-ին հիմնադրված ընկերությունն ունի լաբորատորիաներ, որոնք խոշորագույններից են Եվրոպայում։ Զուգահեռաբար իրականացնում է կամուրջների, թունելների, ճանապարհների, բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի նախագծում, շինարարություն, տեխնիկական հսկողություն և մասնագիտացած է մի քանի այլ ոլորտներում ևս։
Փոխըմբռնման հուշագրի դրույթներն իրագործելու նպատակով կմշակվի գործողությունների ժամանակացույց։

366