«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։ 

Այս մասին նշվում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տարածած հաղորդագրության մեջ։

Քևին Սփեյսին ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկն է։

Նա ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Նա կերպարներ է կյանքի կոչել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) և այլն:

Քևին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դեւիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ. Սի. Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ. Փաքուլայի եւ այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:

840