Արցախի Հանրապետության լուծարման հակասահմանադրական հրամանագիրը ստորագրած (հետո դրա չեղարկման մասին հայտարարած, բայց այդպես էլ չեղարկումն ապացուցող «բարաթը» չհրապարակած) Սամվել Շահրամանյանին պատկանող մեքենայի հետ կապված միջադեպը (ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տարածքից դրա առգրավումը՝ համապատասխան քննչական գործողություն կատարելու նպատակով) ստիպել է ԼՂՀ ԱԺ-ի անունից հանդես եկող մի խումբ մարդկանց՝ չորս խմբակցությունների, պատասխան «հակահարվածով» հանդես գալ։ Փաստորեն, գետնի վրա, իրավականորեն չկա Արցախի Հանրապետություն, բայց կա այդ՝ գոյություն չունեցող հանրապետության վիրտուալ, տարերային Ազգային ժողով, որի անդամները իրենց իրավունք են վերապահում, որպես «Արցախի Հանրապետության» ժողովրդի ներկայացուցիչներ, ողջ արցախահայության անունից ՀՀ իշխանությունների հասցեին նախատինք թափելու, քաղաքական գնահատականներ ու բարոյականության դասեր տալու։ Այն դեպքում, երբ նման խորացված դասերի կարիք հենց իրենք ունեն՝ որպես պետականությունը արկածախնդրությանը զոհաբերած սուբյեկտներ։ Վկան դատարկված ԼՂՀ-ն է ու լուծարված պետականությունը։
«Հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։ Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների, ինչը վկայում է, որ հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը: Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երևույթները»,- մասնավորապես ասված է չորս խմբակցությունների կողմից տարածված տեքստում։ Փաստորեն, քրեական վարույթի շրջանակներում Շահրամանյանի մեքենայի առգրավման փաստը ստիպել է այս հայտարարության հեղինակներին հիշել «բարոյական, իրավական արժեքների» մասին, ավելին՝ դրանց սահմանը հատելու մասին։ Թե այս մարդիկ հատկապես ինչ են հասկանում այդպիսի արժեքների անվան տակ, և որն է դրանց սահմանը՝ կդժվարանանք ասել, բայց մեկ ունցիա բարոյականություն ունենալու դեպքում ձեռնպահ կմնային «բարոյականություն» և «իրավականություն» տերմինները հոլովելուց։ Արդյոք բարոյակա՞ն է մասնակցել ՀՀ իշխանությունների հեռացման, կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջով միտինգներին, այն դեպքում, երբ այդ իշխանությանը ընտրել են ոչ թե իրենք՝ Արցախի ներկայացուցչական մարմնի անդամները և կամ Արցախի ժողովուրդը, այլ՝ ՀՀ քաղաքացիներն ու նրանց կողմից ընտրված ներկայացուցչական մարմինը։
Արցախի ԱԺ-ի ներկայացուցիչներն այն դեպքում իրավունք կունենան խոսելու «իրավական և բարոյական արժեքների սահմանն» անցնել-չանցնելու մասին, եթե ՀՀ-ում իշխանություն ընտրելու իրավունք ձեռք բերեն։ Իսկ քանի դեռ չունեն նման իրավունք, բարոյական առումով ճիշտը լռելն է, քան անադեկվատ ճամարտակություններով մթնոլորտ պղտորելը։
Անցնենք հաջորդ դիտարկմանը՝ «Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը (փաստորեն, Արցախը լուծարած Շահրամանյանի մեքենայի առգրավումը վերաբերմունք է ողջ Արցախի հանդեպ-խմբ.) շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների, ինչը վկայում է, որ հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը»: Փաստորեն, հայտարարության հեղինակների մոտ իրադարձությունների պատճառահետևանքային կապի ընկալման լրջագույն խնդիր կա, էլ չենք ասում տրամաբանության իսպառ բացակայության մասին, այլապես Շահրամանյանի թասիբը պահելու համար չէին դիմի ցնդաբանության ժանրին։ Ստացվում է, որ հունիսի 12-ին ՀՀ պետական շենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը և Շահրամանյանի մեքենայի առգրավումը միմյանց փոխկապակցված իրադարձություններ են, մեկը մյուսով պայմանավորված, ՀՀ իշխանություններն էլ, ի դեմս ՀՀ ոստիկանության, Սահմանադրության խախտում է թույլ տվել, երբ իրացրել է օրենքով իրեն վերապաված լիազորությունները։ Ոստիկանությունը, փաստորեն, պետք է թույլ տար, որ հայտարարության հեղինակներից շատերի կողմից ողջունված «սրբազան շարժման» մասնակից ցուցարարները, ճեղքելով ոստիկանական պատը, ներխուժեին ԱԺ՝ դրանից բխող հետևանքներով։ «Իյա, իրո՞ք»,- կասեր «դասականը»՝ հընթացս հիշեցնելով «թարս աճած խիարի» պատմությունը։
Հայտարարության հեղինակներն, ի դեպ, շահարկել են նաև մեկ այլ զգայուն թեմա՝ արցախցիներին թիրախավորելը՝ վկայակոչելով «հայաստանցի-ղարաբաղցի» «պառակտիչ բառապաշարը»։ «Վտանգավոր և անընդունելի են ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված: Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից»,- նշել են սույն զրպարտագրի հեղինակները:
Հետաքրքիր է՝ ՀՀ իշխանությունները հատկապես ինչպե՞ս են սերմանում «բռնություն, ատելություն և թշնամանք», այն էլ՝ դրանց «նենգ դրսևորումների» տեսքով։ Ընթերցողը հավանաբար նկատեց հայտարարության հեղինակների էժանագին մանյովրը՝ փորձելու արդարացնել իրենց գործողությունները, թե՝ «սրբազան շարժման» շրջանակներում, ի թիվս այլոց, «պայքարում ենք հայրենիքի ու ազգային արժանապատվության համար», այդ պատճառով էլ «թիրախավորվում ենք» ՀՀ իշխանության կողմից ու ատելության զոհ դառնում։
ՀՀ իշխանության հանդեպ ատելության, բռնության ու թշնամանքի «մաստեր կլասսներ», նկատենք, այս ողջ ընթացքում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ցուցադրել են Արցախի անունից հանդես եկած տարբեր տրամաչափի նախկին և ներկա գործիչներ։ Ընդ որում՝ հենց նույն այդ՝ ԱՀ ԱԺ-ի ամբիոնից, ի լուր աշխարհի ու համոթ հայ ժողովրդի։ (Մենք ձեռնպահ կմնանք ատելությամբ գերդոզավորված խոսքի տասնյակ նմուշները տիրաժավորելուց՝ ակնկալելով, որ սույն հայտարարության հեղինակները նույնպես իրենց հանրային խոսքում ձեռնպահ կմնան նման որակի խոսք արտաբերելուց և ամենակարևորը՝ ԱԺ-ի անունից որևէ տեքստ տարածելուց առաջ սթափության թեստ կանցնեն):
Աղբյուրը՝ civic.am