Եթե մեր ընդդիմադիր ուժերը կարողանային ավելի բովանդակալից և ավելի ուժեղ օրակարգեր առաջադրել, դա նաև մեզ համար ավելի օգտակար կլիներ և մեր երկրի համար ավելի օգտակար կլիներ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես վստահ գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը, իմ և վարչապետի գաղափարախոսությունը, ինձ համար բացահայտ է, թե ում ենք ծառայում, ինչի համար ենք այս աշխատանքը անում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում»,- ասաց նա և նշեց, որ իր համար հասկանալի չեն բեմում գտնվող մարդկանց արժեքները:
«Ես վստահ չեմ, որ իրենց օրակարգը այս երկրի և ժողովրդի շահերից է բխելու»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ ընտրություններ չեն կեղծելու:
Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարության և քաղաքապետարանի աշխատանքում խզում չկա: «Ես առհասարակ իշխանություն ունենալ- չունենալու տեսանկյունից երբևէ չեմ անհանգստանում, և նախկինում էլ չեմ անհանգստացել»,- ասաց նա և նշեց, որ կուլիսային, ներթիմային ինտրիգների մեջ փորձել է հնարավորինս չմտնել և նույնիսկ չարձագանքել:
«Ես փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք ի սկզբանե որդեգրել ենք և հավատարիմ եմ մնացել այդ սկզբունքներին»,- ասաց նա և հավելեց, որ նույն գաղափարների կրողն են և հիմնարար հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ:
«Արմեն Փամբուխչյանին ինքս իմ չափ վստահում եմ»,- հավելեց նա: