Երեկ՝ հուլիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երասխահուն գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Ջանիբեկ Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին քաղաքացիները իրենց ուժերով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է, իսկ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրը սահմանազատել են 1-ին դասակի պարեկներ Սուրեն Հակոբյանն ու Արթուր Նիկոլյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Խումար Մկրտումյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։