Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ գրել էինք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր ներկայացող Վահրամ սարկավագ Կարապետյանը քաղաքացի Լենդրուշ Մարգարյանի յութուբյան տեսանյութի մեկնաբանություններում, պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով, հայոյել ու սպառնացել է նրան։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից անդրադառնալով մեր հրապարակմանը՝ հայտարարել են, թե Վահրամ Կարապետյանը ձեռնադրյալ եկեղեցական չէ և որևէ եկեղեցում հոգևոր ծառայության կոչված չէ, նշելով, թե Հայոց Եկեղեցու հեղինակությունը նման հրապարակմամբ միտումնավոր նսեմացվում է։

Նախ շնորհակալ ենք Մայր Աթոռին գոնե այս անգամ արագ արձագանքելու համար, բայց դիվանապետին խորհուրդ ենք տալիս վերընթերցել մեր հրապարակումը, որտեղ մենք հղում էինք արել քաղաքացի Լենդրուշ Մարգարյանի հայտարարությանը, իսկ Վահրամ Կարապետյանի ՀԱԵ սպասավոր լինելու մասին տեղեկությունն առկա է նաև տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ նախկին հրապարակումներում, որոնց մինչ այս Մայր Աթոռից չի եղել արձագանք-հերքում։

Ստացվում է՝ առնվազն վերջին 10 տարիներին Վահրամ Կարապետյանը կարողացել է ներկայանալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր, գտնվել եղեկեցում, կրել հոգևորականի հագուստ ու գուցե բիզնես գործունեությամբ էլ է հասցրել զբաղվել եկեղեցու հաշվին, իսկ 2018-ից հետո ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել իշխանությունների դեմ, բայց Մայր Աթոռը աչք է փակել ինքնակոչ «սարկավագի» հակաքրիստոնեական վարքագծի վրա և դեռ մի բան էլ մեզ մեղադրում են Եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու մեջ։

Ի դեպ՝ մեր հրապարակման մեջ անդրադարձել էինք նաև Գարեգին Բ-ի օրհնությամբ հանրությանը մոլորեցնող ու ատելություն քարոզող «սառեցված» Բագրատ Գալստանյանին, բայց Մայր Աթոռից մեզ «խնայել են» այդ առումով ու չեն անդրադարձել։ Ավելին՝ դեռ 1-2 ամիս առաջ դիմել էինք Եկեղեցուն մի պարզ հարցով՝ ի վերջո Բագրատ Գալստանյանը շարունակու՞մ է լինել Տավուշի թեմի առաջնորդ և եթե ոչ՝ ո՞վ է նրա փոխարեն կատարում թեմի առաջնորդի պարտականությունները, բայց չնայած խոստմանը, որ պատասխան կլինի՝ այդպես էլ այն չեղավ։
 

801