Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պարաբազկամարտի Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի եռակի և արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն. այս բոլոր տիտղոսները 44-օրյա պատերազմի մասնակից 23-ամյա Գուրգեն Անտոնյանինն են:

Գուրգենը վիրավորվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հենց սկզբում, որի հետևանքով նրա մի ոտքն ամպուտացվել է: Յոթ անգամ վիրահատության ենթարկվելուց և պրոթեզավորվելուց հետո Գուրգենն իր մեջ կյանք վերադառնալու ուժ է գտել, ավելին՝ հասել է այնպիսի հաջողությունների, որոնց մասին մտածելն անգամ նրա համար երազանք էր: ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը Գուրգենի համար գլխավոր օրինակն է եղել, թե ինչպես կարելի է մարտահրավեր նետել կյանքի դժվարություններին՝ քեզ բաժին հասած փորձություններն անցնելով պատվով ու խիզախությամբ: Տեսնելով Սարգիս Ստեփանյանի ու նրա սաների գրանցած հաջողությունները, Գուրգենը որոշում է՝ ինքն էլ պետք է դառնա նրանցից մեկը և ահա պատերազմից 6 ամիս անց բուժման վերականգնողական շրջանին զուգահեռ նա սկսում է զբաղվել պարաբազկամարտով: 

Սկզբում սիրողական, այնուհետև մարզիչների խորհրդով, անգամ՝ դրդմամբ պրոֆեսիոնալ մակարդակում Գուրգենը կարողանում է ապացուցել, որ ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում կարևորը կամքն է ու ցանկությունը: Այսպիսով՝ մեդալները սպասեցնել չեն տալիս, պարաբազկամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո, Գուրգենը մասնակցում է պարաբազկամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, որտեղ էլ ևս մեկ անգամ կյանքի է կոչվում նրա երազանքը՝ դառնալ չեմպիոն ու հայոց եռագույնը ծածանել արդեն ավելի մեծ ու պատասխանատու հարթակներում: Օգոստոսի 22-ի աշխարհի առաջնությունը Գուրգենի մեդալներն ավելացրել է ևս մեկով, կրկին ոսկի:

Պատերազմի մասնակից, չեմպիոն Գուրգենի օրինակը վկայում է, որ ֆիզիկական սահմանափակ հնարավորությունները դատավճիռ չեն և պատերազմում վիրավորում ստացած հազարավոր տղաներ կարող են և պետք է կրկին ակտիվ կենսակերպին վերադառնան՝ ամեն գնով հասնելով իրենց նպատակներին՝ լինի կյանքում, սպորտում, թե այլուր:

904