Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, որին հանրության մեծ մասը համարում է, այսպես ասած, սեզոնային, ամառային արձակուրդից հետո՝ աշնանը, ավելի ստույգ՝ սեպտեմբերին, կարծես կրկին որոշել է դուրս գալ փողոց՝ իշխանության դեմ պայքարի: Համենայն դեպս այդ մասին են վկայում ընդդիմադիր դաշտում գործող առանձին անհատների, մասնավորապես հոգևորականի կարգավիճակը սառեցրած, վարչապետ դառնալու մեծ ցանկություն ունեցող Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հայտարարությունները:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը շարունակում է անլուրջ վերաբերվել ընդդիմության նմանօրինակ հայտարարություններին: Նա կարծում է, որ վերջիններս «յոթ երգ ունեն, յոթն էլ նույն բանի՝ իշխանափոխության մասին»:

Այս մասին Ստեփանյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց, հավաք է իրականացվելու:

«Երբ Արցախի հարցը Ադրբեջանի համար փակված է, այնտեղ չկան հայեր, չեմ հասկանում՝ ինչ իմաստ ունի սեպտեմբերի 2-ին տոնել Արցախի անկախությունը: Դա պետք էր տոնել այն ժամանակ, երբ Արցախը կար, բնակեցված էր հայերով»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ սպասել նոր հավաքներից, արդյոք նրանց այս անգամ կհաջողվի՞ արդյունքի հասնել, Ստեփանյանն արձագանքում է՝ «այդ շարժում ինքն իրենով հին է, անցյալի մասին է, այն ոչ մի կերպ չի կարող լինել ապագայի մասին»:

«Դրա հիմքում կանգնած են մարդիկ, որոնցից գալիս է «բորբոսի» հոտ, այդ մարդկանց ուղեղում կա միայն մեկ երազանք՝ վերադառնալ այն երանելի օրերին, երբ նրանք ոչ թե ղեկավարում էին այս երկիրը, այլ մարզպանություն էին անում՝ հօգուտ ՌԴ-ի: Թող սեպտեմբերի 2-ին հավաք անեն, նշեն Արցախի անկախությունը, բայց դրանից որևէ բան չի փոխվելու, որևէ սպասելիքներ անցյալի հետ կապված որևէ մեկը չունի»,- համոզմունք է հայտնում նա:

Ստեփանյանի խոսքով՝ եթե շարժման ակտիվացումը զուգորդվի Ադրբեջանի կողմից ինչ-որ հարձակումով կամ սադրանքներով, ավելի կամրապնդեն այն կասկածները, որ կան այդ շարժման հետևում կանգնած մարդկանց նկատմամբ: Միաժամանակ վերջինս կարծում է, որ հնարավոր չէ Հայաստանում դրսի ուժերի միջոցով իշխանափոխություն իրականացնել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

707