Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև շուտով խաղաղություն կհաստատվի՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցի ընթացքում, Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ դրա ստորագրման գործում: Հուսով եմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ կողմերի միջև բանակցություններն ընթանում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հունով։ Եվդոկիմովը նշել է նաև, որ բացի խաղաղության պայմանագրից՝ դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանագծման գործընթացին և քաղաքացիական հասարակությունների գծով շփումների հաստատմանը։

Ադրբեջանում ՌԴ դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ այն Մոսկվայում անհանգստություն է առաջացնում։

«Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծեն հենց տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության»,- կարծիք է հայտնել ռուս դիվանագետը՝ կարևորելով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը։

Խոսելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին՝ Եվդոկիմովը հերթական անգամ կրկնել է այն միտքը, թե իբր եվրոպացի դիտորդները զբաղված են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ հավաքելով։  

243