Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սյունիքի մարզպետը իմ ընկերն է եղել, հիմա էլ է իմ ընկերը, վաղն էլ է իմ ընկերը լինելու, և այս ողջ պրոցեսների մեջ մարզպետին կապելը ուղղակի կոռեկտ չէ»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Նա շեշտել է, որ մարզպետը կանգնած է թե՛ Սյունիքի, թե՛ բոլորի կողքին։
Հարցին՝ արդյոք իր դեմ ձեռնարկած գործով փորձո՞ւմ են իրեն լռեցնել, Առուշանյանը պատասխանել է․ «Այս երկիրը այդքան էլ մեծ չէ, բոլորը բոլորին ճանաչում են, չեմ մտածում, որ իմ նկատմամբ նման քայլ կանեն, խնդիր չկա, այլ օրենքի հետ հակասություններ կան»։
Անդրադառնալով հարցին, թե վերջինս նախկինում ընդդիմադիր կեցվածքով է եղել, այժմ ասում են՝ մի բան փոխվել է՝ Գորիսի համայնքապետը պարզաբանել է․
«Մի քանի հարյուր հազար մարդիկ ընդդիմադիր հայացքներ ունեն, հիմա՝ ի՞նչ, բոլորին պետք է դատեն։ Ես կաշկանդվածություն չունեմ իմ գաղափարների մեջ արտահայտվելու։ Իշխանությունների կողմից համագործակցություն, եթե ուզում եք իմանալ, կա։ Եթե քաղաքական գործառույթ լիներ, կցանկանային որևիցե գումարային ներդրում չունենալ մեր տարածքում, և դրանով փորձ անել, թե Գորիսում գործերը լավ չեն։ Ամեն դեպքում այսքան ժամանակ չի եղել նման բան, որ ես կոնկրետ ֆիքսեմ, որ Գորիսի հանդեպ ընդգծված վերաբերմունք կա բացասական առումով, ցանկացած մեր ծրագիր ողջունվել է, փորձել են օգնել»։
Նա նաև հերքել է խոսակցությունները, ըստ որոնց՝ վերջինս հնարավոր է որևէ կոմպրոմատների է գնացել իշխանության հետ․ «Դուք իմ աչքերին ենք նայում ու կարծում եք, որ ինձ տենց բան ասեն, ես դա կընդունեմ։ Հասկանում եմ, որ շատ մարդիկ ուզում են, որ ավելի ինտրիգային իրավիճակ լինի, բայց խնդիրը նրանում է, որ եթե մի բան գոյություն չունի, չի ասվել, պետք չէ այդ ֆորմատով նայել։ Հիմա, երբ մեկը գործի է լինում, սկսում է գովել, թոշակի տարիքը գալիս է, ազատվում է աշխատանքից, դառնում է ընդդիմադիր»։
Նշենք, որ Գորիսում ընթանում է Առուշ Առուշանյանի հետ կապված գործի քննությունը:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է՝ Առուշ Առուշանյանը կա՛մ հրաժարական պետք է տա, կա՛մ ավագանին լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու նրան: