Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2024թ․ սեպտեմբերի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։ Այս մասին հայտնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից։
«Հանդիպմանը քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում Երևանի և Աստանայի միջև համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դիտարկվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ 2024թ․ ապրիլի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մուրատ Նուրտլեուն Արմեն Ղևոնդյանին է հանձնել 2-րդ աստիճանի «Достык/Բարեկամություն» շքանշանը, որով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ փոխգործակցության զարգացման գործում ունեցած ավանդի» համար։
Իր շնորհակալական խոսքում Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ պետական պարգևի շնորհումը դիտարկում է որպես հայաստանյան և ղազախստանյան դիվանագետների՝ հայ-ղազախստանյան փոխգործակցության ներուժի բացմանն ու Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի, ինչպես նաև ի զարգացումը վերջինիս ընդունված այլ փաստաթղթերի դրույթների գործնական հագեցմանը միտված գործընկերության բարձր գնահատական»,-նշված է հաղորդագրության մեջ։