Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ մանուկ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Խորեն Զեյնալյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ դեպքի վայրում լարված իրավիճակ է ստեղծվել, սակայն պարեկներին և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին հաջողվել է կրքերը հանդարտեցնել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Վրաերթի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և բաժնի պետի տեղակալի ու օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։