Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ Արփինե Սարգսյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին ու քննարկման մասնակիցներին։

Ընդգծելով ռազմավարության նախորդ տեքստի մշակման աշխատանքներում հանրային քննարկման մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը՝ փոխնախարարը նշել է, որ վեր հանված խնդիրների լուծումների նախանշումը թույլ կտա կատարելագործել տեքստը և հետևողականորեն ձեռնամուխ լինել ռազմավարության իրականացմանը։

Անդրադառնալով պատժողական քաղաքականությանը՝ Սարգսյանը նշել է, որ հաճախ կարևորելով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական պատասխանատվության ենթարկելու և այլ հարցեր, պատշաճ ուշադրություն չի դարձվում անձի առողջության պահպանման և վերականգնողական խնդիրներին։

Ընդգծելով հանրային առողջապահական ու սոցիալական վերաինտեգրման խնդիրների՝ առաջին անգամ ռազմավարական փաստաթղթավորումը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ հանրային անվտանգության և հանրային առողջապահության թեմաները ռազմավարության մեջ հավասարակշռում են միմյանց, որի արդյունքում համապարփակ մոտեցումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում գրանցվում են դրական արդյունքներ։

«Ռազմավարության մոտեցումն այն է, որ մենք ցանկանում ենք ապօրինի թմրաշրջանառության, թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործման դեպքերը պարզապես չդիտարկել, չգնահատել թվերի տեսքով։ Թվերից այն կողմ պետք է տեսնենք մարդ անհատին և հասկանանք, թե մարդու հետ կապված ինչպիսի աշխատանք, ինչպիսի պարտականություն ունի պետությունը, որպեսզի կարողանանք, ի վերջո, հասնել նրա բուժմանը, առողջական վիճակի կարգավորմանը և սոցիալական վերաինտեգրմանը հասարակություն»,- իր խոսքում ընդգծել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը կարևորել է ռազմավարության գործնականում կիրառումը՝ նշելով, որ փաստաթուղթն անցնելու է միջազգային փորձաքննություն, ինչը թույլ կտա ամրապնդել այն բոլոր մոտեցումները, որոնք համահունչ կլինեն միջազգային սկզբունքներին՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը։ Նա ընդգծել է հանրային քննարկումների պարբերականության անհրաժեշտությունը՝ կարևորելով մասնակիցների ներառական կազմը, ինչը հնարավորություն է տալիս քննարկումները դարձնել առավել առարկայական։

Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը ներկայացրել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության 2025-2027 թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։

Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։

Հանրային քննարկմանը ներկա էին նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ և ոլորտային մասնագետներ։

228