Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա են եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը:

 

Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի ամբողջությամբ վերանորոգված՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել է կանանց տեղամասը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ:

 

«Աբովյան» ՔԿՀ-ում այժմ ընթանում են ևս երկու մասնաշենքերի՝ մեկուսարանի և վարչական հատվածի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված են շահագործման հանձնել 2024 թ.:

Շինարարական աշխատանքների վերջին փուլը նախատեսվում է իրականացնել 2025 թ., որի արդյունքում վերանորոգվելու է քրեակատարողական հիմնարկի ամբողջ տարածքը: Շինարարական աշխատանքները ներառելու են անչափահասների մասնաշենքը, քաղաքացիների ընդունելության սրահը, հանձնուքների ընդունման կետը, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, քննչական և փաստաբանական գործողությունների սենյակները և հերթապահ մասը:

 

Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ, Կառավարության նախաձեռնած բարեփոխումների արդյունքում քրեակատարողական համակարգը էականորեն բարելավվում է՝ այս ճանապարհին ակնկալելով նաև գործընկերների աջակցությունը:

 

Միջոցառման ընթացքում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին:

 

296