Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Կառավարությունը շարունակում է գործուն քայլերով նպաստել մեր երկրում ռազմարդյունաբերության զարգացմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված և Կառավարության նիստի ընթացքում հաստատված նախագծին:
«Րոպեներ առաջ ավարտվեց Կառավարության հերթական նիստը, որով հաստատվեց ռազմական արդյունաբերության զարգացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված հերթական նախագիծը։ Կառավարության սույն որոշմամբ շահույթի առավելագույն սահմանաչափ այլևս չկիրառելով (բացառությամբ ԳՀՓԿ աշխատանքների)՝ կապահովվեն կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն ՀՀ-ում ռազմարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման համար:
Հաշվի առնելով ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ տարիներ շարունակ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում էր կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ, իր հերթին, դանդաղեցնում էր Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը։ Բացի այդ, հաշվի առնելով նաև ոլորտին բնորոշ լոգիստիկ, տեխնիկական և աշխարհաքաղաքական ռիսկերը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումն անհամաչափ ռիսկեր էր ստեղծում կազմակերպությունների համար, ինչն էլ ավելացնում էր պետական պատվերների ձախողման հավանականությունը։
Մենք հավատում ենք, որ շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելը խթանելու է կազմակերպությունների արտադրական գործընթացների բարելավմանը, ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ բարձրացնելով ռազմարդյունաբերական ընկերությունների մրցունակությունը ներքին և միջազգային շուկաներում»,- գրել է նախարարը։