Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Առաջնային օղակի ճիշտ կազմակերպված աշխատանքից է բխում հիվանդանոցային և այլ օղակների բնականոն աշխատանքը։ Հասկանալով առկա բոլոր խնդիրները՝ մենք ընտրել ենք այս ոլորտի բարեփոխումների ուղին և միջազգային գործընկերների հետ պետք է հաղթահարենք խոչընդոտները, ունենանք բնակչության վստահությունը օր օրի շահող մեր պատկերացրած առաջնային օղակը »,- ընդգծել է նախարարի տեղակալը։ Առողջապահության նախարարության կողմից մինչ օրս ԱԱՊ օղակի առաջխաղացմանն ուղղված ջանքերը բաձր գնահատելով՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան վերահաստատել է ԱԱՊ օղակի կարևորությունը՝ որպես արդյունավետ և արդար առողջապահական համակարգի ամուր հիմք:
«ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության և մեր գործընկերների հետ»,- ասել է Սիդարթա Դատտան:
ԱՀԿ առողջության առաջնային պահպանման եվրոպական կենտրոնի առաջատար փորձագետների թիմի աջակցությամբ՝ մասնակիցները քննարկել են Հայաստանում քաղաքային և գյուղական բնակավայրերում բուժօգնության համապատասխան և հարմարեցված մոդելների նախագծման ու ճանապարհային քարտեզի մշակման ծրագրերը: