Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:

«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:

Նախարար Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ  շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին, ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին: Նախարարին ներկայացվել է  տարածքում  իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունները, նրանց հետ տարվող աշխատանքները:

Նախարարը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է արվի  ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար:

Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտներն են լինելու անվարորդ տեխնոլոգիաների առաջատար լաբորատորիան, ինչպես նաև 5G հետազոտական, իրերի ինտերնետ /IOT/ արդյունաբերական,  կիսահաղորդիչների տեստավորման, ռադիոհաճախականության և միկրոալիքների, մեքենաների և չափման լաբորատորիաները:

458