Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժինը որոնում է Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ին և 34-ամյա Աղասի Ա․-ին։

Վերջիններս, ըստ աղբյուրի, կասկածվում են սեպտեմբերի 7-ին Երևանի բնակիչ 31-ամյա Գ․ Բ․-ին դաժան ծեծի ենթարկելու, դանակի մի քանի հարվածներ պատճառելու համար։

Այդ օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը այնուհետև տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ պարզվել, որ նա ունեցել է «կրծքավանդակի և հետույքի բազմակի կտրած-ծակած վերքեր, քթոսկրերի կոտրվածք հարցականով» վնասվածքներ։

Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ:

Պարզվել է, որ Գ․ Բ․-ի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Տոլբուխինի փողոցի 7-րդ հասցեի մոտ, և հենց այդ վայրից էլ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է նաև, որ նրա հետ վիճաբանել են Վլադիմիր Մ․-ն և Աղասի Ա․-ն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

309