Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում, որտեղ մեկնարկել է նաև «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, հանրակրթության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ուսուցիչներին, նշել է, որ այս տարի Ուսուցչի միջազգային օրն անցկացվում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը. դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր խորագիր է, որն առաջին հերթին բոլորիս ուղղորդում է լսել ձեզ, ճանաչել մանկավարժական փորձը, իրականացվող բոլոր բարեփոխումներում հաշվի առնել մտահոգություններն ու տեսլականը։ Բոլորովին պատահական չէ, որ այս տարի Ուսուցչի տոնի շրջանակում նախաձեռնվել են ուսուցչական համաժողովներ, որոնք նպատակ ունեն առաջին հերթին մասնագիտական կարիքի հարթակ տրամադրել ձեզ»,- դիմելով հանդիսությանը ներկա ուսուցիչներին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ մեր երկրում ընթացող հանրակրթության ոլորտի ակտիվ բարեփոխումները մեծ ջանք ու մասնագիտական պատրաստվածություն են պահանջում ուսուցիչներից, ինչն ավելի է մեծացնում նրանց պատասխանատվությունը։

«Ուսուցիչը պետք է ավելի նորարար և ստեղծագործ լինի, ավելի ուշադիր և ավելի շատ ժամանակ տրամադրի ինքնակրթությանը։ Ուրախ եմ, որ այս տարվա ընթացքում ուսուցիչներից բազմաթիվ հայտեր ենք ստացել ամսվա լավագույներ մրցույթի, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի շրջանակում, որոնք ցույց են տալիս, թե ինչ մեծ աշխատանք է կատարվում դպրոցներում»,-շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով մեկը մյուսից սովորելու հանգամանքը։ Նա նաև նշել է, որ բազմաթիվ առաջարկներ են լինում մանկավարժների կողմից, որոնք քննարկվում և հաշվի են առնվում՝ ըստ անհրաժեշտության։

Նախարարը ներկայացրել է նաև ոլորտում ընթացող բարեփոխումները՝ շեշտելով, որ դրանք ուսուցիչներից պահանջում են ստեղծագործ մոտեցում; Այս համտեքստում նա մասնավորապես անդրադարձել է դպրոցներում հայտարարված մշակութային տարվա միջոցառումներին, որի շրջանակում ուսուցիչները դասեր կարող են անցկացնել թանգարաններում և այլ մշակութային հաստատություննեում։ Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև դպրոցականների ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված ծրագրերի մասին՝ նշելով, որ Վարչապետի գավաթի դպրոցական մրցաշարերը՝ սկսած սեղանի թենիսից, թիմայի խճուղավազքից և հեծանվավազքից, պետք է դառնան բոլոր դպրոցների կրթական ծրագրի մաս։

«Այս տարի փորձնական կարգով արդեն մեկնարկել ենք դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման ծրագիրը, առանձին հոգածությամբ վերանորոգվում ու վերակառուցվում են դպրոցական մարզադահլիճները, ստեղծվում են վորքաութ մարզահրապարակներ։ Այս ամենը պետք է օգտագործենք ու կիրառենք դպրոցում՝ ֆիզիկական ակտիվության միջավայրն ապահովելու համար»,-ասել է նախարարը։

 

Նա շնորհակալություն է հայտնել թե՛ մանկավարժներին, թե՛ գործընկերներին՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը երեխաներին որակյալ կրթություն տրամադրելն է, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են միասնական ջանքերով։

 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ևս շնորհավորել է ուսուցիչներին տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։

 

«Պետությունն ամեն ինչ անում է, որ ձեր աշխատանքը ավելի գրավիչ և գնահատված լինի։ Կցանկանայի խնդրել, որ երեխաներին սովորեցնեք ապրել և խնդիրները լուծել առանց ձեր օգնության»,-ասել է Սիսակ Գաբրիելյանը։

«Ուսուցիչների մասնագիտական աշխատանքային պայմանների բարելավման ճանապարհին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեծ առաջընթաց է գրանցել։ Նախարարությունն ունի կրթության ռազմավարություն և ամեն ինչ անում է, որ ոլորտում նոր ուսուցիչներ ներգրավվեն։ Այս կարևոր բարեփոխումների հարցում ԵՄ-ն նախարարության գործընկերն է»,- շնորհավորանքի խոսքում ընդգծել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը։

 

«Որևէ երկիր կրթական բարեփոխումների գործում չի հաջողել առանց այդ գործընթացում ուսուցիչների պատշաճ ներգրավման: Հուսամ՝ այսօրվա միջոցառումը կդառնա Հայաստանի տարբեր անկյուններից ուսուցիչներին ներգրավելու ամենամյա կարևոր հարթակ՝ արձանագրելու բարեփոխումների ծրագրի առաջընթացը, փորձառությամբ կիսվելու և առկա խնդիրների վերաբերյալ միասին լուծումներ գտնելու, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանի յուրաքանչյուր վայրում կարողանա հասնել իր ամբողջական ներուժին»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

 

Համաժողովը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մշակվել է ԿԳՄՍ նախարարության հետ և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Այն միտված է նպաստելու կրթական համակարգի մրցունակությանը:

 

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

 

Պարգևատրման արարողությունից հետո մեկնարկել է «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը, որի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, ինչպես նաև խթանել մասնագիտական զարգացումը։

544